Ռուսաստանաբնակ Գարիկ Վարդանյանը դարձել է նռան շոկոլադե կոնֆետների գյուտարարն ու արտադրության իրավունք ունեցողը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում նա պատմեց, թե ինչպես է մտահղացել նուռի կոնֆետների մասին, եւ ինչպիսի ապագա է տեսնում իր ստեղծած կոնֆետների համար։ Վարդանյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
- Որքա՞ն ժամանակ է ապրում եք Ռուսաստանում, եւ ինչո՞ւ մեկնեցիք Հայաստանից
- Մենք ընտանիքով 2007թ-ից բնակվում ենք ՌԴ, Սանկտ-Պետերբուրգում, որը մեծ մեգապոլիս է, ես սիրում եմ մեծ քաղաքներ, քանի որ մեծ քաղաքներում շանսերն ավելի մեծ են կյանքը բարեկեցիկ դարձնելու համար:
- Նռան հատիկներով շոկոլադե կոնֆետների գաղափարը բավականին օրիգինալ է։ Կպատմեք, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս առաջացավ այն։
- Մենք որոշեցինք անպիսի միջուկով կոնֆետ ստեղծել, որ լինի ունիկալ շուկայում եւ հնարավոր չլինի նմանակել, թե համի, թե որակի եւ թե էսթետիկական տեսքի առումներով, նաեւ օգտակար լինի առողջությանը: Գաղափարն առաջացել է մեր կարոտից, որովհետեւ յուրաքանչյուր հայ, ով ապրում է օտարերկրում, իր օջախում պարտադիր պետք է ունենա հայրենիքը հիշեցնող սիմվոլներ, որոնցից մեկն էլ նուռն է: Ինձ ներշնչեցին մեր տանը գտնվող նռան տեսքով հուշանվերները, որոնք գնել էինք եկեղեցի այցելելու ժամանակ, հենց այդ ժամանակ էլ ծնվեց նռան հատիկով կոնֆետ ստեղծելու գաղափարը, իսկ բրենդ-անվանումը «ԳՌԵՆԱԴԵ»՝ ֆրանսերեն նուռ, բառից է: Նռան օգտակար հատկությունները շատ են։ Օրինակ՝ դրական է շաքարախտով հիվանդների համար, սիրտ-անոթային, հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ եւ այլն: Ես այս բիզնեսում նորեկ չեմ։ Նախքան այս ամենը պատմելը ուզում եմ նշել, որ նման բիզնեսով ես զբաղվել եմ Երեւանում եւ երկար տարիների փորձ ունեմ այս ոլորտում:
- Տեղյակենք, որ արդեն կոնֆետների պատրաստման ֆաբրիկա եք ստեղծել, որը բավականաչափ հագեցած է տեխնիկապես։ Ինչպե՞ս արձագանքեց շուկան ձեր ներդրումներին, ի վերջո հրուշակեղենի շուկայում սա լրիվ նոր արտադրանք է։
- Նախքան այս արտադրություն կազմակերպելը եւ ստեղծելը մենք բավականին ուսումնասիրություններ ենք կատարել, անցկացրենլենք հարցումներ բնակչության մեջ, որ եթե մենք արտադրենք նռան հատիկով կոնֆետներ ինչպիսի մոտեցում կլինի այդ արտադրատեսակին եւ ինչպիսի արձագանք կունենա: Մեր կողմից կատարված ուսումնասիրություններից եւ հարցումներից պարզ դարձավ, որ մարդիկ հոգնել են նույնատիպ համ եւ իրար նման կոնֆետներից, բոլորն էլ շատ հետաքրքրվեցին եւ բոլորն էլ շատ դրական արձագանք տվեցին: Դա էլ եղավ հիմքը, որ մեր ապրանքանիշի անունը լինի «նուռ»: Ֆրանսերեն «ԳՌԵՆԱԴԵ» կոնֆետի արտադրանք նռան միջուկով, որը միակն է աշխարհում մեր ֆիրմայի կողմից փաթեթավորված եւ եզակին ամբողջ աշխարհում:
- Ռուսաստանի շուկայից բացի, ո՞ր տարածաշրջանի շուկաներում եք ներուժ տեսնում։
- Ապրանքանիշի առաջնային զարգացումը ես տեսնում եմ մեր հայկական շուկայում, Իրանում եւ Եվրոպայում, բայց շատ կցանկանայի ինձ հետ տեսնել բիզնես ընկեր կամ ինվեստոր, որովհետեւ նմանատիպ նախագծերին հարկավոր է շատ լուրջ մոտենալ, այս ամենը քաղցրավենիքի աշխարհում նոր խոսք է եւ դրա համար մեծ գումարներ ու ներդրումներ են պետք, որ հնարավոր լինի ամբողջ շուկան սպասարկել: Կարծում եմ, որ այս ամենը նաեւ մեր ազգի պատիվն է եւ շատ կցանկանայի, որ մեր գործարարները ուշադրություն դարձնեն այս նախագծի վրա, քանի որ այս ամենը բոլոր հայերի պարծանքն է եւ դառնալու է մեր ազգային բրենդը: Եթե գործընկության ցանկություն ունեցողներ լինեն, ապա մեզ կարող են գտնել Սանկտ-Պետերբուրգ, Սամպսոնովսկի 77/7 հասցեով, +7965 083-20-82, +7812 648 5701 հեռախոսահամարներով։
- Միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ մրցույթներ կան, արդյոք «Grenade» ապրանքանիշը մասնակցե՞լ է այդ մրցույթներին։
- Դեռ չենք մասնակցել, բայց ապագայում մեծ ցանկություն ունենք մասնակցել:
- Հայաստանի շուկան ճիշտ է փոքր է, բայց որպես հայկական ապրանքանիշ, նախատեսո՞ւմ եք Հայաստան եւս արտահանել «Grenade» կոնֆետները։
- ՌԴ-ում որոշակի տեղ զբաղեցնելուց հետո նախատեսում ենք Հայաստանում ունենալ ներկայացուցչություն, թեկուզ նախնական քիչ վաճառքով, բայց մեր արտադրատեսակը շատ կցանկանանք տեսնել Հայաստանի եւ Արցախի շուկաներում: