Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Զրույցի սկզբում Իշխան Զաքարյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Համահայկական խաղերի անցած ճանապարհը եւ ձմեռային խաղերի ընթացքը` ընդգծելով, որ տարեցտարի մեծանում է մարզիկների քանակը, որոնց ստվար մասն առաջին անգամ է այցելում Հայաստան, ծանոթանում հայրենիքի պատմությանը, շփվում հայրենաբնակ հասակակիցների հետ:
Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա փաստեց խաղերի կարեւորությունը նախ եւ առաջ Մայր հայրենիքում հայության համախամբման տեսանյունից, քանի որ դրանց շնորհիվ հազարավոր հայորդիներ հաղորդ են դառնում հայրենիքի կյանքին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց խաղերի կազմակերպիչներին` հորդորելով ավելի ընդարձակել աշխարհագրական ընդգրկումը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: