Նոյեմբերի 8-ին Կովալենկոյի անվան Կրասնոդարի երկրամասի գեղարվեստի թանգարանում բացվել է «Գույնի երաժշտությունը» խորագրով Կուբանի հայտնի գեղանկարիչ Մխիթար Ասլանյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, նախագիծը ներկայացված է 19 կտավով: Նկարիչի աշխատանքներում գերիշխում են մեծ ցուցահանդեսային կոմպոզիցիաները, որոնց մեջ զգացվում է ողջ ստեղծագործությանը նշանակալիություն հաղորդող հեղինակի առանձնահատուկ ոճը:
Նույն օրը տեղի է ունեցել ցուցահանդեսի ներկայացումը, որին հյուրերից բացի ներկա էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սակայն ցուցահանդեսի կազմակերպիչները չեն կարողացել խուսափել փոքր անախորժություններից: Ցուցահանդեսի գլխավոր նկարը՝ «Ցունամի» շատ կոմպոզիցիաներից բաղկացած հսկայական կտավը հեղինակի մտահղացմամբ պետք է պտտվեր՝ հանդիսատեսի առաջ բացելով այդ հիանալի աշխատանքի նոր կողմերը, բայց տեխնիկական պատճառներով այն այդպես էլ չսկսեց պտտվելը: Դա վշտացրեց իրեն նկարիչին, բայց նրա տաղանդի երկրպագուները չէին վշտանում. չէ՞ որ նրանց ուշադրությանը ներկայցված էին նաև Ասլանյանի ուրիշ աշխատանքները, որոնք՝ զգալիորեն զիջելով «Ցունամի» նկարին իր չափսերով, չէին զիջում դրան ոչ գունային գամմայով, ոչ էլ ազդեցության խորությամբ:
Ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունեցողները խոսում էին գույնի երաժշտության մասին՝ գովելով Կուբանի ականավոր ու ճանաչված գեղանկարիչ, մի քանի հազար կտավի հեղինակ Մխիթար Ասլանյանի աշխատանքները:
Ավելացնենք, որ միջոցառումն անցկացվելու է մինչև նոյեմբերի 13-ը, և բոլոր ցանկություն ունեցողները կարող են այցելել այդ հետաքրքիր ցուցահանդեսը: