«Արարատ» հայկական մշակութա-լուսավորչական ընկերության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը Regions.Ru-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով ազգայնամոլության վտանգների մասին հարցին հիշեցրել է, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, զգալիորեն տարբերվում է Եվրոպայից, ուստի ուլտրա-ծայրահեղականների բողոքը մեր երկրում այլ կերպ է արտահայտվում:
«Եվրոպան դեպի իրեն թույլ է տվել էժան աշխատուժի հոսք, և այժմ նրա բնակիչներից յուրաքանչյուր տասներորդը ոչ թե բնիկ քրիստոնյա եվրոպացի է, այլ մուսուլման: Եվ այնտեղ եկողների դեմ բողոքողները հենց բնիկներն են: Դրա համար «աջ» շարժումների աճն այնտեղ կշարունակվի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ կգործի բազմամշակույթ հասարակության ստեղծման քաղաքականությունը», - վստահ է նա:
«Իսկ Ռուսաստանում տարբեր ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց միջև առկա է ազգամիջյան լարվածություն, մեր երկրի բնակիչներն են՝ ներքին գաղթողներ: Ազգերի մեծամասնության համար Ռուսաստանը իրենց հայրենիքն է, ուստի նրանք, ովքեր գոռում են, թե «Ռուսաստանը ռուսների համար է», չեն հասկանում գլխավորը՝ եթե ապրեն այս կարգախոսով, Ռուսաստանից միայն Մոսկվայի մարզը կմնա, իսկ մնացած ազգերը կապրեն առանձին իրենց տարածքներում», - զգուշացնում է Դոլբակյանը:
«Ինչի՞ կհանգեցնի ծայրահեղական շարժումների աճը Եվրոպայում: Ամենից հավանականն է, որ այդ երևույթը հիմնական բնակչության համախմբման պատճառ կդառնա: Կմշակվեն նոր օրենքներ, որոնք կթեթևացնեն բոլոր էթնոսների համատեղ գոյակցությունը: Այսօր ամբողջ Եվրոպայի բնակչության ավելի քան 10 % կազմում են ներգաղթողները, և մահմեդականացման հեռանկարը արդեն անիրական չի թվում, իսկ դա կբերի Եվրոպայի ինքնասպանությանը», - եզրակացրել է նա: