Նոյեմբերի 28-ին Պյատիգորսկում կայանալու է «Կովկասը ռուս-թուրքական հարաբերությունների մեջ. Պատմությունը, մշակույթը, այժմեական կյանքը» թեմայով «Ռուս-թուրքական հարաբերությունները Աթաթյուրքից մինչեւ այսօր» խորագրով գիտական սեմինար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Թուրքիայի եւ Ռուսաստանի հայտնի գիտնականների մասնակցությամբ գիտական բանավեճը կանցկացվի Պյատիգորսկի Պետական լեզվաբանական Համալսարանում (ՊՊԼՀ):
Նշենք, որ սեմինարի մասնակիցների կարգավիճակը բավականին բարձր է: Օրինակ՝ սեմինարի ծրագրի համաձայն նստաշրջանների վարողներ են նշանակվել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կոլեսնիկովը, Աթաթյուրքի հետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջեզմի Էրասլանը (Թուրքիա), Մերձավոր Արեւելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտական գիտությունների թեկմածու, պրոֆեսոր Հասան Քանբոլաթ (Թուրքիա) եւ ՊՊԼՀ-ի միջազգային հարաբերությունների ինստիտոուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Պանինը:
Հետաքրքիրն այն է, որ սեմինարի մասնակիցների մեջ կան նաեւ Ռուսաստանի հայության ներկայացույացուցիչներ՝ Արմավիրի պետական համալսարանի հասարակության հետ կապերի հարցերով փոխռեկտոր, քաղաքագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Առուշան Վարդումյանը (զեկուցման թեմա՝ «Ռուսաստանը եւ Թուրքիան. նույնականությունների ընդհարում եւ մշակութային ձուլում»), ՊՊԼՀ-ի իննովատիկայի, կառավարման եւ իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մայա Աստվածատուրովան (զեկուցման թեմա՝ «Հայ-թուրքական հարաբերությունները սփյուռքական դիսկուրսի լույսի տակ») եւ ՊՊԼՀ-ի դոցենտ Կ. Կասպարյանը («Ռուս-թուրքական հարաբերությունների պատմության սպիտակ բծեր» թեմայով ուսանողական ակումբի վարող):
Սեմինարին հայ Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցության փաստը չի կարող չանհանգստացնել այն կապակցությամբ, որ ունեցած տեղեկությունների համաձայն՝ սեմինարը պատրաստվել է կուլուարներում, իսկ մասնակիցների կազմը համաձայնեցվել է թուրքական կողմի հետ: Թուրքական կողմի հետ համաձայնեցվել են նաեւ ելույթների թեմաները, այդ թվում նաեւ «Հայ-թուրքական հարաբերությունները սփյուռքական դիսկուրսի լույսի տակ» զեկուցումը: Ազգաքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների կարծիքով՝ այդ փաստը կարող է վկայել այն մասին, որ Թուրքիան փորձում է թույլ չտալ պառակտում մտեցնել հայ-թուրքական հարաբերությունների հարցին վերաբերող դիրքավորման մեջ եւ «հող է շոշափում» աշխարհի հայության ամենաանկազմակերպ համայնքում՝ Ռուսաստանի հայկական համայնքում: Ըստ երեւույթին, Պյատիգորսկի Պետական լեզվաբանական համալսարանը համապատասխանում է այդ նպատակներին, քանի որ այն հայտնի է ոչ միայն դրան առընթեր գործող Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոնով, այլեւ Միջազգային հարաբերությունների ինստիտուտով, որտեղ թուրքերեն է դասավանդվում եւ սովորում են շատ ուսանողներ Թուրքիայինց եւ Ադրբեջանից: