Դեկտեմբերի 15-ին ժ. 14:00 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը` նվիրված մեծ զորավար և գաղափարախոս Գարեգին Նժդեհի 125-ամյակին:
Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Գիտաժողովի 4 նիստերում կքննարկվեն «Հայապահպանության, ազգային ինքնության և դաստիարակության հարցերը Գարեգին Նժդեհի գաղափարախոսության մեջ», «Գործնականը և գաղափարախոսականը Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեության մեջ», «Գարեգին Նժդեհ. զորավարը և մտածողը», «Գարեգին Նժդեհը` մանկավարժի և ուսանողի տեսանկյունից» թեմաները:
Կներկայացվեն դրվագներ Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունից, ինչպես նաեւ, Գ. Նժդեհի դիտարկումները Հայաստանի ապագայի, ազգային ինքնության պահպանման հիմնահարցի, տնտեսագիտության և հայության տնտեսական կյանքի կազմակերպման վերաբերյալ և այլն:
Նիստերը կվարեն ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը:
Զեկուցումներով հանդես կգան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Դանիելյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Ռաֆայել Համբարձումյանը, Խաչատուր Ստեփանյանը, Ալիկ Ղարիբյանը, Ավագ Հարությունյանը, Հովիկ Գրիգորյանը, Էդգար Հովհաննիսյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը, փի¬լիսոփայական գիտությունների թեկնածուներ Արմեն Սարգսյանը, Սիլվա Պետրոսյանը, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը և այլք:
ՀՀ սփյուռքի նախարարություն