Դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:
Փոքր Պամաճ գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ, Արևմտյան Հայաստանի Թորգոմ գավառից և Կարինի գավառի Գառն գյուղից վերաբնակեցված հայորդիների կողմից:
1881 թվականին գյուղում բացվել է ծխական դպրոց, որը գործել է մինչև 1932 թվականը, որից հետո այն դարձել է պետական տարրական կրթօջախ:
Եկեղեցին իր գործունեության տարիներին իր շուրջն է համախմբել ժողովրդին, և հոգևոր սպասավորների միջոցով հոգացել տեղի բնակչության ուսումնառության և հոգևոր կրթության մասին: Սակայն խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել պահեստի:
1993 թվականին, տեղի բնակիչ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ, եկեղեցին նորոգվել է և 1995 թվականից սկսել է գործել: Սակայն տարիների ընթացքում եկեղեցին հիմնանորոգման կարիք ուներ և այդ բարի առաքելությունն ստանձնեցին արմատներով փոքրպամաճցի Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանները և Ռուբեն Սահակյանը:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողության ավարտին անմիջապես հաջորդեց Սուրբ Պատարագի մատուցումը: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ Առաջնորդը շնորհավորեց ազգաբնակչությանը, խոսեց եկեղեցու ինչպես հոգևոր, այնպես էլ ազգային դերակատարության կարևորության մասին և բարձր գնահատելով երիտասարդ բարերարների նվիրական աշխատանքը, նրանց փոխանցեց հուշանվերներ և Օրհնության գիր:
Հոգևոր հովվության նվիրական ծառայության համար Սրբազան Հայրը գովաբանեց նաև Տեր Մովսես քահանայի ծառայությունը և իբրև գնահատանք նվիրեց մանրանկարչության գեղեցիկ պատկեր:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մատաղի օրհնություն և համընդհանուր տոնախմբություն: