Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի առաջին օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, այնուհետև Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին: Վերջինիս հետ քննարկվեցին առաջիկայում Գյուլբենկյան հիմնարկության կողմից Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում իրականացվելիք ծրագրերը:
Օրվա երկրորդ կեսին նախարար Հ.Հակոբյանը հանդիպեց Ուելսի եկեղեցական հայրերի պատվիրակության հետ: Հարավային Ուելսի եկեղեցական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը ներկայացրեց համայնքի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները` անդրադառնալով հատկապես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք ձեռնարկներին: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին: Հ.Հակոբյանը հանդես եկավ ընդարձակ ելույթով` ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու հիմնական ծրագրերը: Հանդիպման վերջում ներկաները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության եռամյա գործունեության մասին ֆիլմ: Նախարարը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի գործարար միջավայրին, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և այլն:
Հաջորդ օրը նախարարն այցելեց Սուրբ Սարգիս և Սուրբ Եղիշե հայկական եկեղեցիներ, հանդիպեց հոգևոր սպասավորների և համայնքի ներկայացուցիչների հետ:
Լոնդոնի մեկօրյա դպրոցի տնօրեն Ռուզան Թաթուլյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր:
Այնուհետև Հ.Հակոբյանը հանդիպեց համայնքային և եկեղեցական խորհրդի անդամներին, քննարկվեցին համայնքի հիմնախնդիրները, անդրադարձ կատարվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնախմբի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
Օրվա երկրորդ կեսին նախարարը հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ, գործարար Արմեն Սարգսյանին, քննարկվեց «Երևան, իմ սեր» ծրագրի ընթացքը:
Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: