Սույն թվականի հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը:
Մատուռը կառուցվել է Կարմիր գյուղի համայնքի անդամ Վիլիկ Խաչատուրյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ համայնքի անդամների եւ Առաջնորդարանի:
Մատուռի շուրջ հավաքված բազմության մոտ տիրապետում էր տոնական տրամադրությունը: Հյուրեր էին ժամանել ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից եւ այլ շրջաններից: Արարողությանը ներկա էր Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:
Մատուռի օծման սրբազան արարողության ավարտին Սուրբ Պատարագ մատուցեց Մառնեուլիի շրջանի հայության հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը: Հավարտ Պատարագի, Սրբազան Հայրը, հավուր պատշաճի քարոզ խոսեց եւ հավատացյալներին փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Այնուհետեւ Առաջնորդը գնահատանքի գիր եւ հուշանվերներ բաժանեց մատուռը կառուցողներին եւ հովանավորներին, ապա օրհնեց ավանդական մատաղը եւ այն բաժանվեց ժողովրդին:
«Սրբոց Ավետարանչաց» մատուռը Մառնեուլիի շրջանի հայկական ութ համայնքների միակ գործող Սրբավայրն է: Թեմի Առաջնորդարանը լիահույս է, որ նորանշանակ հոգեւոր հովվի գործունեության արդյունքում կվերաբացվեն եւ կհիմնվեն եկեղեցիներ եւ մատուռներ նաեւ մյուս գյուղերում: