Հունիսի 30-ին մեկնարկեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում:
Սփյուռքից ժամանած պարախմբերն առաջին համերգային ծրագրով հանդես եկան Շիրակի մարզում:
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի լեփլեցուն դահլիճում խանդավառ հանդիսատեսի առջև ելույթ ունեցան Համազգային հայ կրթական և մշակութային միության Կանադայի Տորոնտո քաղաքի «Գլաձոր» մասնաճյուղի «Էրեբունի», ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկի ավանի «Տարոն», Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվայի հայորդաց տան «Հայասա», Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Անի» պարախումբերը և Ախալքալաքի մունիցիպալիտետի «Ջավախք» երգի-պարի համույթը:
Հյուրերին ողջունեցին Գյումրիի Խ. Ավետիսյանի անվան ժողգործիքների պետական նվագախմբի մենակատար Կարեն Մայիլյանը և «Վարդևանյան» պարի թատրոնի սաները:
Վերջում ելույթով հանդես եկավ «Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի ղեկավար Սամվել Հարոյանը: Նա շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետարանին և Գյումրիի ջերմ հանդիսատեսին, պարախմբերին հանձնեց «Իմ Հայաստան» փառատոնի մասնակցության հավաստագրեր:
Գյումրիում կայացած համերգն անմոռանալի տոն դարձավ Շիրակ աշխարհով զմայլված 120 սփյուռքահայ մանուկների, պատանիների, երիտասարդների և Գյումրիի արվեստասեր հասարակության համար: