- Որտե՞ղ եք աշխատում, Ստեփան, գիտության ո՞ր բնագավառն եք ներկայացնում։
- Աշխատում եմ ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության հիդրոգրաֆիայի և հիդրոմետրիայի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Ավարտել եմ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և ունեմ ջրաօդերևութաբանի (բակալավր) և աշխարհագետի (մագիստրատուրա) որակավորումներ: Հիմնականում իրականացնում եմ բաժնի առջև դրված խնդիրները՝ իմ պարտականությունների մասով, որոնք են՝ բաժնի ենթակայության տակ գտնվող գետային ջրաչափական դիտակետերում չափումներ կատարելը, ստացված արդյունքների մշակումը և գետային ցանցի ներտարեկան հոսքի առանձնահատկությունների բացահայտումը, որում հատկապես կարևոր է երևույթների տարածական պատկերումը՝ քարտեզագրման միջոցով, ինչն իրականացնում եմ GIS առաջատար տեխնոլոգիաներով: Նաև՝ նախաձեռնել և իրականացնում եմ ՀՀ գետային ցանցի ուսումնասիրվածության աստիճանի վերաբերյալ ուղեցույցի կազմման աշխատանքները: Համաձայն ծառայության տարեկան պլանի՝ մասնակցություն եմ ունենում ջրաբանական կանխատեսումների և ագրոկլիմայական կանխատեսումների աշխատանքներին: Կարծում եմ՝ էական հաջողություններից դեռ վաղ է խոսելը, քանի որ վերջերս եմ վերադարձել զինվորական ծառայությունից, սակայն կարող եմ նշել, որ մինչ այս անթերի եմ կատարել բոլոր առաջադրված խնդիրները, և գետային ցանցի ուսումնասիրվածության վերաբերյալ աշխատանքներս ունեն հաջող արդյունքներ:
- Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները։
- Առաջին դիմումը միջազգային գիտաժողովին եղել է 2009թ, այն անցկացվում էր Կանադայում և վերաբերում էր Կլիմայի փոփոխության հիմնահարցերին: Իմ աշխատանքը ընդգրկվեց լավագույն 40-ի շարքում, ովքեր էլ իրավունք ստացան գիտաժողովին մասնակցելու, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով իմ մասնակցությունը դարձավ անհնարին:
- Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված, և ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն ու օգտակարությունը։
- Այժմ մեր կառույցը, որպես Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ, ակտիվ համագործակցության մեջ է այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայություն իրականացնող կառույցների հետ: Ներկայումս համագործակցում ենք Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգիայի կազմակերպության և Մերձավոր Արևելքի սևծովյան տարածքային հեղեղների արագ արձագանքման համակարգի հետ: Կարծում եմ՝ Հայպետհիդրոմետի համագործակցությունը միջազգային կառույցների հետ գտնվում է միջին ակտիվության մակարդակում, այն էլ հիմնականում այդ կառույցների նախաձեռնությամբ: Իմ նախաձեռնությամբ փորձում եմ դիմել որոշ արտասահմանյան կառույցների՝ համագործակցույթան համար: Հայպետհիդրոմետի համագործակցությունը միջազգային կառույցների հետ հեռանկարային է, քանի որ տարեցտարի ակտիվանում է միջազգային փորձի և տեխնիկական նորարարությունների ներդրումը, սակայն անբավարար նյութատեխնիկական պայմանները թույլ չեն տալիս լիարժեքորեն կիրառել միջազգային փորձը:
- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել։
- Գիտական մրցանակներ դեռևս չունեմ: Իսկ դրամաշնորհի հայտ հիմա ներկայացրել եմ, շուտով կտեղեկանամ արդյունքների մասին:
- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
- Իմ երեք գիտական աշխատանքներում համահեղինակներ չկան: Երկու հոդվածում համահեղինակ հանդիսանում է իմ գիտական ղեկավարը, այս հոդվածներում քանակական տեսակետից 97%-ը կատարել եմ ես, համահեղինակը հանդես է եկել՝ որպես գիտական խորհրդատու, իսկ երկու հոդվածում կատարել եմ աշխատանքի 25%-ը: Այս հոդվածներում հիմնականում կատարել եմ օդերևութաբանական երևույթների քարտեզագրում և տարածական բաշխման առանձնահատկությունները: «Ախուրյանի ջրամբար» գրքում էլ տրամադրել եմ նյութեր՝ ջրամբարի տարածքում հանդիպող թռչնատեսակների վերաբերյալ:
- Ո՞ր չափանիշն է ավելի նպատակահարմար Հայկյան մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը, թե՞ հղումների թիվը, որը կիրառվեց անցյալ տարի։
- Կարծում եմ՝ դրական միտում է, որ մրցանակաբաշխության ժամանակ ամեն տարի ընտրվում են տարբեր չափանիշներ: Այս տարի ընտրված սկզբուքն էլ պակաս կարևոր չէ, սակայն, կարծում եմ, երիտասարդ գիտնականների աշխատանքների միջազգային նշանակության գիտական ամսագրերում չտպագրելը կարող է ունենալ շատ ու շատ սուբյեկտիվ պատճառներ (կազմակերպությունները, որոնք ներկայացնում են երիտասարդ գիտնականները, ունեն պասիվ միջազգային համագործակցություն, շատ հաճախ պատճառ կարող են լինել նյութական կամ տեխնիկական միջոցների անբավարարությունը): Այս մրցանակի համար լավագույն չափանիշ կարող է լինել այն, թե արված աշխատանքը ինչքանով է իրատեսական և ինչքանով կարող է նպատսել երկրի տնտեսական զարգացմանը կամ գիտական լուրջ հաջողությունների ձեռքբերմանը: Կարծում եմ՝ պետք չէ փախչել իրականությունից և պետք է ընդունել, որ տպագրված աշախատանքների մոտ 90%-ն այդպես էլ մնում է թղթի վրա և դառնում արխիվի նյութ: Ուստի, ինձ համար կարևորը կատարված աշխատանքի իրական արդյունավետությունն է, որն էլ կարող հանդես գալ՝ որպես չափանիշ:
- Ձեր կարծիքով, որո՞նք են գիտության թերֆինանսավորման պատճառները։
- Կարծում եմ՝ Հայաստանում գիտությունը թերֆինանսավորվում է ոչ արդյունավետության պատճառով: Ցվալի է. երբ խոսվում է գիտության ֆինանսավորման մասին, օգտագործվում է «լրացուցիչ ֆինանսավորում» արտահայտությունը, քանի որ «լրացուցիչ» բառը քողարկված արտահայտում է, թե ինչ ավելորդ հոգս կամ ծախս է՝ գիտությանը բյուջեից լրացուցիչ գումարներ տրամադրելը: Չնայած, եթե ընդունենք, որ ամեն ինչ ընկած է փոխանակման հիմքում, ապա տրամաբանական է, որ գիտությունը պետք է փոխհատուցի այն նորույթներով ու նորարարություններով, որոնք կարող են իրական կիրառություն ունենալ տնտեսության մեջ, որը, կարծում եմ, մեծ մասամբ բացակայում է: Արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է անչափ շատ ուշադրություն դարձնել կատարված աշխատանքի կիրառական նշանակության վրա և երկրորդ՝ հետևողական լինել գիտությանը տրամադրվող ֆինանսների ռացիոնալ տեղաբաշխաման հարցում, քանի որ շատ հաճախ ֆինանսավորման համար հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվում տվյալ ոլորտի հետ կապ չունեցող անհայտ կազմակերպություններ: Այս ամենի արդյունքում երիտասարդ գիտնականները վճարվում են բավականին ցածր աշխատավարձով, որն էլ ունենում է իր համապատասխան բացասական հետևանքները:
- Վերջերս սահմանվեցին նոր մրցանակներ երիտասարդ գիտնականների համար, որոնցից մեկին դիմել եք նաև Դուք։ Դրանք լրջորե՞ն են փոխում իրավիճակը։
- Նմանատիպ մրցանակաբաշխություններն ունեն դրական ազդեցություն: Նախ՝ այն բանի համար, որ երիտասարդ գիտնականն զգա, որ ինքն էլ կարող է գտնվել ուշադրության կենտրոնում, և հետո՝ մրցանակային գումարները կարող են խթան հանդիսանալ որևէ նոր գաղափարի իրականացման համար (իմ պարագայում, հաղթանակի դեպքում, ստացված մրցանակից միջոցներ պետք է տրամադրեմ ՀՀ գետերի ուսումնասիրվածության վերաբերյալ կատարված աշխատանքները տպագրելու համար): Ինչ վերաբերում է իրավիճակ փոխելուն, կարծում եմ, որ այս մրցանակները բավարար չեն էական փոփոխություններ կատարելու համար: Այս քայլերը զարգացնելու համար, պետք է մրցանակաբաշխությունները չիրականացվեն մասնավոր հիմնադրամների կողմից: Պետք է ստեղծվի կառույց, որը կհամադրի երկկողմ՝ տնտեսություն-գիտություն, շահերը: Այս համադրությունը, ելնելով տնտեսական ոլորտի պահանջներից, կթելադրի մրցանակների բաշխման հավասարակշռությունը, ինչը թույլ կտա ստեղծված հիմնադրամին վերահսկել գիտական դաշտի ֆինանսավորման օրինաչափությունը:
- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրների լուծման ճանապարհները։
- Հայաստանում երիտասարդ գիտնականների համար առաջնային խնդիր է ոչ բավարար ֆինանսավորումը: Պակաս խնդիր չէ նաև նյութատեխնիկական բազայի մաշվածությունը և, առանձին դեպքերում, նաև բացակայությունը: Ոչ-նյութական տեսանկյունից կարևոր խնդիրն այն է, որ հայ երիտասարդ գիտնականների մոտ մեծամասամբ բացակայում է թիմային աշխատանքի մոտեցումը, որն ունի շատ ավելի բացասական ազդեցություն: Խնդիրը շտկելու համար կրթական համակարգում այս հարցին պետք է տրվի մեծ ուշադրություն:
- Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։
- Կարծում եմ՝ մասնագիտական աճ ունենալու համար որևէ համակարգ չի կարող էական ազդեցություն ունենալ, եթե չկա ցանկություն (կամ կան ինչ-որ դրդապատճառներ) դա իրականացնելու համար: Չնայած խորապես տեղեկացված չեմ PostDoc համակարգի նրբություններին, բայց ամեն դեպքում վերջինիս իրական կիրառման դեպքում այն կարող է ունենալ նկատելի արդյունքներ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։
- Երիտասարդ գիտնականները միայն պետք է զբաղվեն գիտական գործունեությամբ և, ինչպես ցանկացած քաղաքացի, պետք է իրենց խնդիրները արտահայտեն մեկ ճանապարհով՝ դա ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում իրենց քաղաքացիական պարտքը կատարելն է և իրենց դժգոհությունը կամ գոհունակությունը արտահայտելը: Ինչպես ցանկացած մարդ՝ գիտնականը նյունպես ունի մարդուն բնորոշ պահանջներ և դրանք բավարարելու համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական միջոցներ, որը պետք է վաստակի գիտության ոլորտում իր կատարած աշխատանքների համար:
- Որքա՞ն է տարածված գիտական աշխարհում կոռուպցիա կոչվող չարիքը, և արդյո՞ք Դուք կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ տուժել եք դրանից։
- Եղել են շատ դեպքեր, երբ աշխատանքների կատարման ժամանակ նկատել եմ տրամաբանությանը չհամապատասխանող իրադարձությունների հաջորդականություն, բայց ինչպես միշտ, քանի որ չկան հիմնավոր փաստարկներ, դա կոռուպցիա չես կարող անվանել: Շատ ժամանակ գործուղումների մեկնելիս առաջնություն է տրվում ներքին ջերմ հարաբերություններին, այլ ոչ թե գիտական համապատասխանությանը: Քանի որ Հայաստանում թույլ են պաշտպանված հեղինակային իրավունքները, ապա ուղղակի անհնար է խուսափել գրագողությունից և, ի նշան «հարգանքի», աշխատանքում համահեղինակներ ընդգրկելուց :)
- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։
- Իմ կարծիքով, վերջին տարիներին գիտության ոլորտում կան էական փոփոխություններ: Սակայն, պետք է նշել, որ դրանք մեծ մասամբ ոչ թե պետական հովանու ներքո են եղել, այլ առանձին երիտասարդ գիտնականների, որոնք իրենց համարձակությամբ, գիտելիքներով, շփման ունակություններով կարողացել են միջազգային համագործակցության եզրեր գտնել և Հայաստանում ստեղծել գիտահետազոտական կենտրոններ, իրականացնել մի շարք ծրագրեր:
- Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
- Արտասահմանում չեմ աշխատել, սակայն կարճ ժամանակ աշխատել եմ Հայաստանում գործող արտասահմանյան կազմակերպության հետ: Հիմնական տարբերությունն այն էր, որ այնտեղ աշխատանքները չէին կատարվում ինքնանպատակ, յուրաքանչյուրը գիտեր իր հստակ անելիքները, և աշխատանքային ծրագիրը մշակված էր այնպես, որ յուրաքանչյուր փուլ կատարվում էր համապատասխան ժամանակացույցով և աշխատանքի քանակով:
- Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։
- Համագործակցությունը միշտ էլ տալիս է իր դրական պտուղները, սակայն դա Հայաստանում ցածր մակարդակի վրա է: Մեր հիմնական դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք ուրախանում ենք, որ տեղյակ ենք մեր ոլորտի բոլոր տարրերին, և հեռու ենք մնում համագործակցության եզրեր փնտրելուց: Իսկ այլ կրթական համակարգերում (ինչքանով ես ծանոթ եմ) գիտնականները տիրապետում են իրենց ոլորտի որևէ կոնկրետ մասի և սովորում են կատարել թիմային աշխատանք, որն ունի ավելի մեծ արդյունավետություն:
- Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
- Միանգամից նշեմ, որ մասնագիտական հետագա աճս Հայաստանում չեմ պատկերացնում, քանի որ չկան բավարար գիտելիքներով մասնագետներ որպեսզի ես ստանամ գիտական նոր որակներ: Ինձ թվում է, որ միայն արտասահմանում ուսանելու դեպքում կկարողանամ անհրաժեշտ մասնագիտական գործունեություն ծավալել Հայաստաում և նպաստել մեր երկրի տնտեսական զարգացմանը՝ գոնե իմ մասով:
.
Զրույցը վարեց Մանե Հակոբյանը