ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դեկտեմբերի կեսերին կայանալիք դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ դատավարությունը կսկսվի փետրվարի վերջին՝ մինչեւ մարտի սկիզբ, կոնկրետ նիստի օրը հայտնի չէ: Լիլիթ Հարությունյանն նաեւ ասաց, որ հոր առողջական վիճակը նորմալ է: Այլ մանրամասներ գործի մասին ընտանիքը չի տիրապետում:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը հարությունյանը հրաշքով է ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել է իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: