Թուրքիայի արեւելքում PKK-ի եւ թուրք զինվորականների միջեւ բախումների հետեւանքով հեռացած հայազգի Զեքերիա Սաբունջուն վերադարձել է հայրենի Դերիկ գյուղ եւ սկսել իր պապերի գործը։
Թուրքական MgdTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգի Դերիկ գյուղից 23 տարի առաջ հեռացած Զեքերիա Սաբունջուն վերադարձել է հայրական տուն, վերանորոգել այն եւ սկսել պապերի տնկած ձիթենիներից հավաքել պտուղները եւ քամված յուղով օճառներ պատրաստել։
Զեքերիան իր խոսքում նշել է, թե 1990-ականներին շրջանում տեղի ունեցող բռնությունների հետեւանքով հայ ընտանիքները հեռացել են եվրոպական երկրներ կամ Ստամբուլ։ «Ես կարոտել էի իմ հայրենքիը, իմ տունը, դրա համար էլ Դերիկ եկա։ Ինչպես հասկանում եք իմ ազգանունից, իմ հայրն էլ, պապն էլ զբաղվել են օճառագործությամբ։ Իմ տան մի մասը դարձրել եմ արտադրամաս եւ սկսել եմ իմ պապերի գործն անել»,-նշել է Զեքերիան՝ ասելով, որ եթե գործերը լավ ընթանան, մի մեծ արտադրամաս է կառուցելու։