Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, նոյեմբերի 19 - ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ պարզություն է մտցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ շաբաթ օրը Դիարբեքիրում հանդիպման ժամանակ իր կողմից «Քուրդիստան» եզրույթն օգտագործելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանը նշել է, որ դիմել է պատմական աղբյուրներին եւ համզովել, որ Քուրդիստանը Օսմանյան կայսրության մաս է կազմել, եւ հենց այդ փաստն է դեր խաղացել իր կողմից նման բառակապակցություն օգտագործելու մեջ:
«Թող նրանք, ովքեր քննադատում են ինձ, նույնպես կարդան խորհրդարանի նախնական փաստաթղթերը, ուսումնասիրեն Օսմանյան կայսրության պատմությունը եւ կհամոզվեն, որ օսմանների հարավարեւելյան տարածաշրջանը կոչվել է «Քուրդիստան»«,- ասել է նա:
Մասուդ Բարզանիի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր. «Ես ուրախ եմ այսօր այստեղ` Դիարբեքիրում ողջունել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին»: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն Էրդողանին անմիջապես մեղադրել են դավաճանության եւ քուրդ ազգայնականների հետ դավադրության մեջ, իսկ Ազգայնական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Էրդողանին անվանել էր Թուրքիայի թշնամի: «Անջատողական քրդերի նկատմամբ վարչապետի սերը պետք է իր բացատրություններն ունենա: Կամ Էրդողանը Կանդիլի (Իրաքում քուրդ ապստամբների բազա) սան է, կամ Թուրքիայի թշնամի, կամ էլ ինքնակամ հավատարմության երդում է տվել թուրք ժողովրդի թշնամիներ հանդիսացող շրջանակներին»,- հայտարարել է նա:
Թուրքիայի հարավարեւելյան շրջանները «Թուրքական Քուրդիստան» է անվանել նաեւ Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Անդրադառնալով նախօրեին Էրդողանի եւ Բարզանիի` Դիարբեքիրում տեղի ունեցած հանդիպմանը եւ մամուլում հայտնված նրանց համատեղ լուսանկարին, CNNTurk-ի ուղիղ եթերում ունեցած հարցազրույցում Բայդեմիրն ասել էր, որ իր ցանկությունն է, որ այդ լուսանկարում տեղ գտնեն նաեւ քուրդ առաջնորդներ Աբդուլլահ Օջալանը, Սալիհ Մուսլիմը եւ Ջալալ Թալաբանին (Իրաքի ազգությամբ քուրդ նախագահ): «Վստահ եղեք, որ նման դեպքում խաղաղություն կտիրի ոչ միայն թուրքական Քուրդիստանում, այլ նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում»,- ասել էր նա:
CNNTurk-ի այն հիշեցմանը, որ առաջին անգամն է օգտագործվում «Թուրքական Քուրդիստան» եզրույթը, Բայդեմիրն ասել էր. «Եթե Քուրդիստանը կոչենք իր` Քուրդիստան անունով, աշխարհը փուլ չի գա: Շնորհակալ եմ վարչապետ Էրդողանին` Քուրդիստանը Քուրդիստան անվանելու համար: Այդ իրողություններից չպետք է վախենալ: Ինչպես մինչ այժմ Հյուսիսային Իրաքը Քուրդիստան ենք անվանել, այսուհետեւ Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանը պետք է կոչենք «Թուրքական Քուրդիստան»«, - հայտարարել է Օսման Բայդեմիրը:
Այս բոլորից հետեւում է, որ Էրդողանը նույն կերպ պետք է ներկայիս Թուրքիայի արեւելյան հատվածը «Հայաստան» անվանի, որն է Արեւմտյան Հայաստանը: Եվ այս դեպքում խաղաղություն կտիրի նաեւ Հարավային Կովկասում:
Armenpress.am