Զալցբուրգի կամերային նվագախումբն (Camerata Salzburg) առաջին անգամ ելույթ կունենա Երևանում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց փառատոնի հիմնադիր և նախագահ Ստեփան Ռոստոմյանը։
«Camerata Salzburg նվագախմբի համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 11–ին Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Պինկաս Ցուկերմանի ղեկավարությամբ, կդառնա այս տարվա մեր փառատոնի եզրափակիչ ակորդը»,– ասաց նա։
Համերգի ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Ստրավինսկու և Բեթհովենի ստեղծագործությունները։
Ամփոփեխով 2013 թվականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի արդյունքները` Ռոստոմյանն ընդգծեց, որ գոյության տասնչորս տարիների ընթացքում այն ընդգրկվել է աշխարհի երաժշտական խոշորագույն փառատոների ցուցակում։
«Նմանատիպ մասշտաբի փառատոներն անցկացվում են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, սակայն դրանցից ոչ բոլորին է հաջողվում պահպանել բարձր նշաձողն ամենամյա պարբերականությամբ»,– նշեց նա։
Փառատոնի հիմնադիրը հիշեցրեց, որ այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվել են հայտնի երաժիշտների և նվագախմբերի, այդ թվում` Յուրի Բաշմետի համերգը «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլով, Դմիտրի Խվորոստովսկու, Ալեքսեյ Լյուբիմովի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի և «Շանհայ» լարային քառյակի համերգները։
Առաջիկա համերգների թվում Ռոստոմյանը հիշատակեց հայտնի ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովի համերգը նոյեմբերի 28–ին Արամ Խաչատրյանի անվան Կամերային դահլիճում։
«Երևանյան հեռանկարներ» տասնչորսերորդ միջազգային երաժշտական փառատոնը բացվել է այս տարվա ապրիլին Երևանում` Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով։
Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։
Նովոստի–Արմենիա