Ակնհայտ է, որ թուրքական կողմը չի պատրաստվում վավերացնել Հայաստանի հետ արձանագրությունները եւ հավանականությունը, որ թուրքական իշխանությունը կգնա այդ քայլին, գրեթե զրոյական է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
«Գալիք 2014թ հայ-թուրքական հարաբերությունների լավացման կապակցությամբ լավատեսության համար հիմքեր չկան: Կարծում եմ, որ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին այցը ցույց է տվել, որ Հայաստանը պետք է ցուցաբերի իր դիրքորոշումը` կապված հայ-թուրքական արձանագրությունների ապագայի հետ: Քանի որ արդեն հասկանալի է, որ 2009-ին արձանագրությունները ստորագրելուց հետո Հայաստանի լծակներն աստիճանաբար թուլանում են»,-ընդգծել է թուրքագետը, հավելելով, որ գործընթացը դուրսէ եկել Հայաստանի հնարավորությունների սահմաններից` դառնալով անկանխատեսելի: Փորձագետի կարծիքով` Թուրքիան ցույց է տվել, որ քաղաքական տեսանկյունից սխալ հաշվարկներ է կատարել:
Հիշեցնենք, որ 2009-ին Ցյուրիխում նախաստորագրված արձանագրություններն այդպես էլ չխթանեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը` Անկարայի ապակառուցողական քաղաքականության պատճառով: