Քայսերիի (Կեսարիա) Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր թրիքի հոտով է դիմավորում այցելուներին։ Հենց դրա հարևանությամբ թրիք չորացնելու համար տարածք է ստեղծվել։ Եկեղեցուն կից նախկին հոգևորականների կեցավայրն էլ ախոռի է վերածվել, գրում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։
Գերմիր (Կարմիր) գյուղում հայերը, թուրքերն ու հույները 750 տարի առաջվանից միասին են բնակվել։ Մի ժամանակ այստեղից խնկի հոտ է տարածվել պատարագների ժամանակ, սակայն այժմ թրիքի հոտով է դիմավորում հյուրերին։ Պատճառը գոմաղբ չորացնելու համար տարածքի ստեղծումն է։
«Թրիքներն անցնելուց հետո տեսնում ենք պատուհանից բարձրացող սև, թանձր ծուխը, որը սուրբ քարերը սև է ներկում։ Շենքի փակ դռնից թխահեր, երկարահասակ մեկն է դուրս գալիս՝ հարյուրամյակ առաջ ժամկոչի դուրս եկած տեղից։ Նա շենքի այսօրվա հսկիչն է»,- գրում է կայքը։
Հսկիչը պատմում է, որ մի ժամանակ հոգևորականների բնակված պատմական տներում այժմ իր ոչխարների կերն է պահում։ Նա պատմում է նաև եկեղեցու այսօրվա վիճակի մասին։ Ասում է, որ հոկտեմբերին, եթե նախագահ Աբդուլլահ Գյուլը գրիպի պատճառով չընդհատեր այցը, կայցելեր նաև այստեղ։։
Հսկիչը տեղեկացնում է, որ եկեղեցին նահանգապետարանի հրահանգով փակ է։ Պատճառը, ըստ նրա, զբոսաշրջիկների վերաբերմունքն է։ «Անպատեհ լուսանկարներ են անում, Թուրքիային սխալ են ներկայացնում»,-մեկնաբանում է նա։
«Անպատեհ» վարքի մասին խոսելիս եկեղեցու պահակը նշում է, որ այն խմիչք օգտագործելու վայրի են վերածում, կամ աղջիկ են են բերում...
Թե դա ինչպես է տեղի ունենում, եթե ինքը պահակ է այդտեղ, մեկնաբանություն չունի։ Դուռը բացելու համար մեկ պայման ունի. պետք է միայնակ գալ և խոստանալ, որ եկեղեցու մասին միայն լավ բաներ են գրելու։
Երկար ժամանակ եկեղեցին գանձ որոնողների կողմից կողոպտվել է։ Սրբապատկերները հանվել են, գետինը՝ փորվել։
Եկեղեցու մայր մուտքը քարերով է ծածկվել, իսկ եկեղեցին երկար ժամանակ որպես ախոռ է օգտագործվել։ Այժմ բացվում է նախապայմաններով։
Եկեղեցու ներսում սյուները, չնայած փորվել են, սակայն քանդակները դեռ հիշեցնում են անցյալի մասին...
Լուրեր Հայաստանից - Թերթ.am