«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ` ավստրիական կառավարության տրամադրած միջոցներով Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքներին կացարաններով ապահովելու ծրագիր կիրականացնի: «Հայկական Կարիտասը» ավստրիական կառավարության տրամադրած 270 հազար եվրո օգնությունը կուղղի Հայաստանում բնակություն հաստատած 100 սիրահայ ընտանիքի (մոտ 400 մարդու): «Արմենպրեսի»-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Միգրացիա և ինտեգրացում բաժնի պետ Արամ Խաչատրյանը նշեց, որ ծրագիրն իր ընթացքը կսկսի դեկտեմբերի 1-ից և կտևի մոտ կես տարի: «Մենք առաջին հերթին կտրամադրենք գումար սիրահայերին` բնակարաններ վարձակալելու նպատակով, ինչպես նաև օգնություն կլինի տաք հագուստի, դեղորայքի, սննդամթերքի տեսքով»,- տեղեկացրեց Խաչատրյանը:
Կազմակերպությունն օգնության կարիք ունեցող ընտանիքներին ընտրելու է սոցիալական աշխատողի կողմից, ով կարիքների գնահատում է իրականացնելու յուրաքանչյուր դիմումատուի պարագայում: «Հայկական Կարիտաս»-ը Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանքիների սեփական ցուցակներն ունի, սակայն ծրագրին մասնակցելու համար սիրահայերը կարող են զանգահարել 010-56-57-66 հեռախոսահամարով:
1995 թվականից Հայաստանի տարբեր մարզերում իր գործունեությունն սկսած կազմակերպությունն ունի հստակ սահմանված առաքելություն և ռազմավարական ուղղություններ: «Հայկական Կարիտաս»-ը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման միջոցներ և ստեղծել արդյունավետ տեղեկատվական համակարգ պոտենցիալ միգրանտների համար:
Ավստրիայի կառավարությունը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Հայաստանում հաստատված սիրիահայերին 600 հազար եվրոյի աջակցություն կտրամադրի: Ավստրիական կառավարության տրամադրած օգնություն մյուս մասը` շուրջ 270 հազար եվրոն, Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավման ծրագրերին կուղղի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (շուրջ 300 սիրահայ ընտանիքի):
Հայաստանում բնակվում է մոտ 11 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
ARMENPRESS.am