Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տոնական երեկոյի շրջանակում հայ եւ ռուս երիտասարդները բեմում ներկայացրել են Հայոց գրերի ստեղծման պատմությունը, ցուցադրվել է նաեւ Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող տեսաֆիլմ: Ամբողջ երեկոն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայկական երաժշտություն` Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի եւ այլոց ստեղծագործությունները:
Մոսկվայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցելով քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորական ուղերձը, նշել է, որ Հայոց գրերի օրը տոնելը ոչ միայն լրացնում եւ հարստացնում է Մոսկվայի գրական եւ մշակութային առօրյան, այլեւ կդառնա հայ-ռուսական հարաբերությունների տարեգրության եւս մեկ հիշարժան էջ: Ի դեպ, Մոսկվայի կառավարության կողմից ընդունված որոշմամբ այս տարվանից հայոց գրերի օրը Մոսկվայում կնշվի որպես համաքաղաքային տոն:
Միջոցառման շրջանակում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է Միության բարձրագույն պարգեւով` շքանշանով, հատկանշելով, որ ինչպես Երեւանի քաղաքապետի պաշտոնում, այնպես էլ դրանից առաջ, Տարոն Մարգարյանը մշտապես գործուն աջակցություն է ցուցաբերել Միության բազմաթիվ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում: Արա Աբրահամյանը նաեւ հատուկ նշել է, որ միության 14−ամյա գործունեության ընթացքում շատ քչերին է հաջողվել արժանանալ բարձրագույն այդ պարգեւին:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այսուհետ եւս շարունակելու է աջակցել Միության բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական սփյուռքի խնդիրների կարգավորմանը: Բացի այդ, քաղաքապետը նաեւ շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին Մոսկավայում Երեւանի օրերի շրջանակում Հայոց գրերի օրվան նվիրված միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու համար:
«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Մոսկվայի քաղաքապետին եւ կառավարությանը՝ հայոց գրերի օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր բարեկամ պետությունն իսկապես հատուկ վերաբերմունք ունի մեր պետության նկատմամբ եւ գնահատում է այն, ինչը մեզ համար հատկապես թանկ է ու արժեքավոր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: