Հայոց առաջին լուսավորիչ առաքյալների տոնի առիթով ուրբաթ Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի օրհնությամբ, երեկոյան ժամերգության ընթացքում կկատարվի նախատոնակի արարողություն: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Երեկոյան ժամերգությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 17։30–ին, իսկ շաբաթ օրը` Սուրբ առաքյալների տոնին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Բարեպաշտ հավատացյալները կարող են այցելել Մայր Աթոռ և հաղորդակցվել Սուրբ առաքյալների մասունքների աստվածային զորությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները համարվում են Հայաստանի առաջին հոգևոր Լուսավորիչները, ովքեր երկիր են բերել քրիստոնեության լույսը։ Նրանք Հայաստան են եկել տարբեր ժամանակներում և քարոզել իրարից անկախ։ Սակայն ըստ ավանդության` մի անգամ նրանք հանդիպել են հայկական բնակավայրերից մեկում, որն, այդ իրադարձությանն ի հիշատակ, ժողովուրդը կոչել է Օծյալ Խաչ։
Թադեոսը Քրիստոստի 12 առաքյալներից մեկն է, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, բժշկեց և դարձի բերեց Աբգար 5–րդ թագավորին։ Այնուհետև առաքյալը ուղևորվեց Հայաստան։ Նա իր հետ Հայաստան է բերում այն գեղարդը, որով խոցել էին Քրիստոսին, որն այժմ գտնվում է Սբ Էջմիածնի թանգարանում։ 66 թ.–ին Թադեոսին բռնում են Արտազում, չարչարանքների են ենթարկում և սպանում։ Երեք դար անց Թադեոս առաքյալի գերեզմանի վրա կառուցվում է մի եկեղեցի, որը հետագայում կոչվում է Թադեի վանք: Այն այժմ գտնվում է Պարսկաստանի Ատրպատական գավառի արևմտյան կողմում և բարեբախտաբար կանգուն է մինչ օրս։ Սուրբ Թադեոսի մասունքները պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Բարդուղիմեոս առաքյալը քարոզում է Փոքր Ասիայում, Արաբիայում, Եթովպիայում, Հնդկաստանում և մոտ 44-60 թթ.` Մեծ Հայքում: Այստեղ նա լինում է նախ Սյունիքում‘ իր քարոզչությունն սկսելով Որդվաա գյուղից: Այստեղից անցնում է Գողթն, ուր Քրիստոսի Ավետարանը տարածելով` նաև եպիսկոպոսներ է ձեռնադրում, որոնց մեջ նաև պարսիկներ են լինում: Այստեղից անցնելով Արտաշատ` հանդիպում է Թադեոս առաքյալին: Տիրոջ ջերմեռանդ առաքյալն այնուհետ իր քարոզչությունը շարունակում է Հեր և Զարևանդ գավառներում: Ապա լինում է Անձևացյաց գավառում, որից հետո հասնում է Վասպուրական նահանգի Աղբակ գավառ, ուր մկրտում և քրիստոնյա է դարձնում Սանատրուկ թագավորի քրոջը` Ոգուհուն: Սակայն հետագայում այստեղ Բարդուղիմեոս առաքյալը ևս Թադեոս առաքյալի պես սաստիկ չարչարանքների ենթարկվելով‘ սպանվում է: Նրա գերեզմանը գտնվում է Վասպուրական նահանգի Աղբակ գավառի Ադամակերտ քաղաքի մոտ (այժմ` Բաշքալա, Թուրքիա)`Սրբ Բարդուղիմեոս մայրավանքում, որն այժմ ավերակ է:
1994թ. ապրիլի 22-ին Սրբ Թադեոս և Սրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները հանդիսավոր կերպով տեղափոխվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նրանց հիշատակը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է ամեն տարի Հիսնակի առաջին կիրակիի շաբաթ օրը:
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների շնորհիվ է, որ մեր եկեղեցին անվանվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի։
Նովոստի–Արմենիա