Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կցուցադրի որբ հայ երեխաների գորգի «քույր» գորգն իր ամենամյա ընդունելության ժամանակ դեկտեմբերի 5-ին Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի մամուլի ծառայությունից: «Նախագահ Քալվին Քուլիջն ու հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Մարտին Դերանյանը հատուկ հյուր կլինի ու կպատմի հազիրյան գորգի մասին, որը հայտնի է հայ որբերի գորգ անվամբ, ինչպես նաեւ հայ որբերի գորգի «քույր» գորգի մասին ու դրանց ճակատագրի յուրահատուկ պատմության մասին:
Հայ որբերի գորգի «քույր» գորգը դոկտոր Մարտին Դերանյանի անձնական հավաքածուի մեջ է մտնում ու գործվել է Հազիրում նույն որբերի կողմից: Գորգի մի ծայրին գեղեցիկ գրառում կա. «Միսիս Դ.Ու. Ուիլյամսի համար՝ ի նշան երախտագիտության, մերձարեւելյան մանկատուն, Հազիր, Սիրիա»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխաներն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության: