Երեքշաբթի Ազգային ժողովում տեղի է ունեցել ռուսական գրքի գրադարանի և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հանդիսավոր բացումը, հաղորդում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, որտեղ ԱԺ նախագահը կարևորում է ռուսական գրքի գրադարանի և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը և այն հանգամանքը, որ այն տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում:
Հովիկ Աբրահամյանը արժևորել է երկու պետությունների պատմական և մշակութային կապերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը:
«Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը նոր հանդիպումների ու քննարկումների վայր կդառնա ոչ միայն խորհրդարանականների, այլ նաև երկու երկրների հանրության ներկայացուցիչների համար, ինչը, անկասկած, իր ներդրումը կունենա մշակութային և հումանիտար կապերի խորացման գործում և մշտապես կհարստացվի ինչպես ժամանակակից, այնպես էլ ռուս դասական գրողների ստեղծագործություններով»,– ասել է Աբրահամյանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չեռնովը, ՌԴ Պետական դումայի պատգամավոր, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, ՌԴ Պետական դումայի անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Բորիս Ռեզնիկը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
Նովոստի–Արմենիա