Հայ գուրմաններին կառաջարկեն կիրակի համտեսել ղափամա ավանդական կերակրատեսակը 2013 թվականին անցկացված խոհարարական փառատոների արդյունքների ամփոփող միջոցառման ընթացքում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը։
«Ամեն տարի Նոր տարուց առաջ մեր կազմակերպության ներկայացուցիչներն իրենց ընկերների և գործընկերների հետ հավաքվում են հայերի կողմից սիրված հիանալի ղափամայի շուրջ` անցնող տարին ամփոփելու և հետագա ծրագրերը քննարկելու համար»,– ասաց նա։
Մամուլյանի խոսքով` միջոցառմանը կմասնակցեն ոչ միայն հանրապետության հայտնի խոհարարները և հանրապետության տարբեր մարզերում խոհարարական փառատոներ անցկացնող կազմակերպությունների աշխատողները, այլ նաև քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչներ։
Նա հայտնեց նաև, որ միջոցառման ընթացքում դրա մասնակիցները կարող են համտեսել ոչ միայն ղափամա, այլ նաև ավանդական այլ ուտեստներ, այդ թվում` հայկական գաթա։
Նովոստի–Արմենիա