Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականության սցենարիստ, պրոֆ. Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը վերածվել է «զրո հարեւաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության։ Նման տեսակետ, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի մասին, նշեց, որ այցը տեղի է ունենում տարածաշրջանում դրամատիկ զարգացումների ֆոնին։
«Իհարկե, արդեն գաղտնիք չէ, որ Դավութօլուի այցի գլխավոր նպատակը մոտեցող 2015-ի հետ է կապված, սակայն կան նաեւ երկրորդական պատճառներ։ Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայի, Իրաքի, վերջերս էլ նաեւ Եգիպտոսի հետ կապված ձախողված քաղաքականությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, ստիպեցին, որ Թուրքիան փորձի հիշեցնել իր մասին»,-նշեց Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականության սցենարիստ, պրոֆ. Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը վերածվել է «զրո հարեւաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության, որը կստիպի թուրքական կողմին վերանայել արտաքին քաղաքական կուրսը։