Պետք է գնալ-թակել բոլորի դռները, բաժանել գործիքներ ու ստիպել, որ երեխաները երաժշտություն սովորեն. երաժշտությունը մտածողություն է ձեւավորում. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց դիրիժոր, ջութակահար,«Գրեմմի» բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը:
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ փառատոնի փակման համերգին միասին հանդես կգան երկու գերաստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ Ցուկերմանը: Ցուկերմանը նշեց, որ մեր օրերում առավել քան կարեւոր է երաժշտության դերը, քանի որ առանց երաժշտության հասարակությունն անապատ կդառնա:
«Կարեւոր է շատ, որ գալիք սերունդը երաժշտությանը մոտ կանգնած լինի, քանի որ երաժշտությունը մեծ դեր է խաղում մարդու` կայացման հարցում»,-ասաց Ցուկերմանը:
Երաժշտի կարծիքով, շատ դժվար է համերգի ժամանակ դիրիժորությունից հանկարծակի անցնել ջութակ նվագելուն. Ցուկերմանի հավաստմամբ` դիրիժոր ընտրելն այնքան դժվար է` կարծես մեկի հետ ամուսնանաս:
«Երբ հանդես ես գալիս որպես երաժիշտ` յուրաքանչյուրը քեզ լսում է 2-3 անգամ ավելի կենտրոնացած, բոլորը կենտրոնացած են քեզ վրա: Հեշտ չէ որպես մենակատար հանդես գալ, սակայն դա կյանքի փորձից է գալիս»,-ասում է Ցուկերմանը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ցուկերմանը 1962թ., երբ մեկնել է ԱՄՆ, սովորել է Ջուլիարդի դպրոցում` անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ: Գալամյանի մասին հիշելիս` Ցուկերմանը նշեց, որ վերջինս ոչ միայն առանձնահատուկ երաժիշտ էր, այլ նաեւ բացառիկ մարդ, որը սովորեցնում էր ոչ միայն ճիշտ նվագել, այլ նաեւ, թե ինչպես կարելի է ուսուցիչ դառնալ:
«Նրա դասերը լսելու էին գալիս բազմաթիվ հայտնի երաժիշտներ: Գալամյանը դասավանդում էր երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը. ես ինձ Գամալյանի ավանդույթները շարունակողն եմ համարում»,-ասաց Ցուկերմանը` հավելելով, որ դասից դուրս նրանք զրուցում էին նաեւ Հայաստանի եւ հայերի մասին.«Առհասարակ, Հայաստանը լուսավոր երկիր է, ձեր գինին ու ճաշատեսակները շատ սիրեցի, հանդիսատեսին նույնպես: Նկատեցի, որ օդանավակայանը վերանորոգվել է, հաճելի էր: Այնպես որ` բոլոր պատճառները կան` իմ` հաջորդ այցը կազմակերպելու համար»:
Այսօրվա համերգին կհնչեն Ստրավինսկու, Մոցարտի եւ Բեթհովենի գործերից:
Yerkir.am