Բանահավաք եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, դեկտեմբերի 11-ին, Երեւանում տեղի է ունեցել Ստամբուլի «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուի մասնակցությամբ։
Գրքի թուրքերեն տարբերակի հրատարակման գործըն ստանձնած Ստամբուլի «Բելգե» հրատարակչատան տնօրեն, հայտնի թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն նշեց, թե անկախ իրեն սպառնացող ցանկացած վտանգի, ինքն իր մարդկային պարտականությունն է կատարում՝ հրապարակելով Ցեղասպանության մասին աշխատությունները։
Ռագըփ Զարաքօլուն նշել է, թե շատ կուզեր, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու համար Երեւան ժամանող Ահմեդ Դավութօղլուին գիրքը նվիրեր մինչեւ Հայաստան այցը, սակայն իրենք ժամանակ չեն ունեցել դա անելու։
Աշխատության հեղինակ Վերժինե Սվազլյանն ավելացրեց, որ գրքի թուրքերեն տարբերակի հրատարակումը շատ կարեւոր փաստ է թուրքերի համար, քանի որ գրքում տեղ գտած վկայությունները Ցեղասպանության ապացույցն են։ Հեղինակը հիշեցրեց, որ գրքում տեղ են գտել մոտ 700 միավոր վկայություն, ինչպես նաեւ՝ ցեղասպանության թեմայով երգեր։
Լուրեր Հայաստանից - NEWS.am