Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:
Շարմազանովի խոսքով, եթե Թուրքիայի իշխանությունները, ինչպես հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պատրաստ են ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, նրանց պետք է մի քանի հարց հղել: «Եթե Թուրքիան շահագրգռված է խաղաղությամբ, ի՞նչն է նրան խանգարում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների: Ի՞նչն է խանգարում Թուրքիային դադարեցնելու Հայաստանի շրջափակումը: Ի՞նչն է խանգարում պաշտոնական Անկարային՝ հրաժարվելու ժխտողական քաղաքականությունից եւ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչն է նրանց խանգարում՝ դադարեցնել Կիպրոսի օկուպացիան, Թուրքիայում վերացնելու տխրահռչակ 301-րդ հոդվածը: Եթե Թուրքիայի իշխանություններին այդքան հուզում է խաղաղության հարցը, ի՞նչն է նրանց խանգարում՝ դադարել օժանդակել Բաքվի ռազմատենչ հռետորաբանությանը: Ի՞նչն է խանգարում Ահմեդ Դավութօղլուին Երեւանում ներողություն խնդրել հայ ժողովրդից, այցելել Ցեղասպանության թանգարան եւ ծաղիկներ դնել հուշահամալիրին»:
Շարմազանովը նկատել է, որ եթե վերոնշյալը իրականացվի Թուրքիայի իշխանությունների կողմից, դա կապացուցի, որ Անկարան մտադիր է խաղաղության քաղաքականություն վարել, այլապես կստացվի, որ Դավութօղլուի հայտարարությունը թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: