Հայաստանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը, արդյունքում երկար ժամանակ կորցրինք, իսկ Թուրքիան շահեկան վիճակում հայտնվեց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ Թուրքիան այսօր սկսել է «ֆուտբոլային դիվանագիտություն-2»-ը, երբ ոչ թե փորձում է խնդիրներ լուծել, այլ իմիտացիա է ստեղծում 1915թ արգելքը հաղթահարելու համար։ «Ունեցանք մի վիճակ, երբ նույնիսկ այդ արձանագրությունները Հայաստանում չընդունվելով, դրանք չվավերացվեցին եւ սահմանը չբացվեց։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին պաշտպանելը ավելացավ այդ արձանագրություններից հետո, սա մեր իշխանությունների մեծագույն սխալն էր: Եկել է մի ժամանակահատված, երբ Հայաստանը միանշանակ պետք է վերցնի իր ստորագրությունը արձանագրություններից: Թուրքիան առանց որեւէ նախապայման բացի սահմանը, հաստատի դիվանագիտական հարաբերություններ եւ նոր սկսեն բանակցությունները։ Հակառակ պարագայում, երբ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, Հայաստանը եւս իր պայմանները պետք է դնի բանակցային սեղանին՝ ցեղասպանության ճանաչում, պատմական տարածքներ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Նա շեշտեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի հայտարարությունները ցույց տվեցին, որ իրենք նորից իմիտացիոն փուլի են անցնում 1915թ պատնեշը հաղթահարելու համար։