Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է:
Այս առիթով Ծաղկաձորի Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է:
Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այժմ նրա ընտանիքի, որդու հետ փորձում են լուծել նրան Հայաստան տեղափոխելու հարցը:
Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ առկա է քաղցկեղ, նա վիրահատվել էր, ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր: