Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցի նպատակը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձևական ֆոնի ստեղծումն է, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։
Դավութօղլուն նախօրեին մասնակցել է Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտաքին գործերի նախարարների 29–րդ հանդիպմանը։
«Թուրքիայի ցանկացած քայլ հաշվարկված է և բխում է նրա սեփական շահերից։ Հայոց ցեղասպանության 100–ամյակի նախաշեմին Դավութօղլուի այցն ուղղված էր ցույց տալուն, որ Հայաստանն ու Թուրքիան իբր մի գործընթացում են, որը, ի վերջո, կհանգեցնի տարածաշրջանում բարեկամության և խաղաղության հաստատմանը»,– ասաց Դավթյանն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Պատգամավորն ընդգծեց, որ հավատում է «հայ ժողովրդի իմաստությանը», որը երկրորդ անգամ թույլ չի տա իրեն խաբել։
«Ինչպես ասվում է, եթե մեզ խաբեցին մեկ անգամ, ապա թող իրենք ամաչեն, եթե մեզ խաբեն երկրորդ անգամ, ապա մենք պետք է ամաչենք։ Թուրքիան մեկ անգամ մեզ արդեն խաբել է։ Ես նկատի ունեմ նաև միջազգային հանրությունը։ Մենք մտել էինք հարաբերությունների բարելավման գործընթացի մեջ առանց նախապայմանների, սակայն Թուրքիան, այնուամենայնիվ, նախապայմաններ առաջ քաշեց»,– նշեց Դավթյանը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կներկայացնի Երևանում Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մանրամասները։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն իր հերթին նշեց, որ Դավութօղլուի` Հայաստան կատարած այցում որևէ ինտրիգ չկա, քանի որ նա եկել էր մասնակցելու ՍՏՀԿ բազմակողմանի ձևաչափի նիստին։
«Ինտրիգը Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների երկկողմ հանդիպման մեջ է։ Դա մատնանշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկման առարկա գոյություն ունի։ Բոլորին հայտնի է Թուրքիայի դիրքորոշումը հայ–թուրքական հարաբերությունների բարելավման հարցում, որը նա կապում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Քանի որ մեր իշխանությունները հաշվետու չեն և թափանցիկ չեն, մեզ մնում է միայն գուշակել, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ»,– նշեց Ղուկասյանը։
Նովոստի-Արմենիա