2013թ.–ին Հայաստանի նկատմամբ թուրքական քաղաքականության մեջ գերիշխել են իմիտացիոն տարրերը, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Նրանք ցանկանում էին ցույց տալ միջազգային հանրությանը և տարբեր կառույցներին, որ հայ–թուրքական հարաբերությունները, թեև պասիվ վիճակում, սակայն շարունակվում են», – ասաց Մելքոնյանը «2013 թվականի արդյունքները» խորագրով հանրային բանավեճերի ընթացքում։
Նա ավելացրեց, որ 2013 թ.–ին հայ–թուրքական հարաբերությունները շարունակում էին սառեցված վիճակում մնալ Թուրքիայի ոչ կառուցողական քաղաքականության պատճառով, երբ ցանկացած հարմար առիթի դեպքում պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում էր ղարաբաղյան հակամարտության հետ։
«2013 թվականի արդյունքները» խորագրով հանրային բանավեճերը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտը` Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ և համագործակցությամբ։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացի շարունակմանը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։
Նովոստի–Արմենիա