NEWS.am-ը ներկայացնում է հատված «The Economist»-ում հրապարակված հոդվածից:
«Դարեր շարունակ Սիրիայում գոյություն ուներ հայկական փոքրիկ համայնք, որի կենտրոնը Հալեպ քաղաքն էր: Այն բանից հետո, երբ 1915թ.-ի ցեղասպանությունից փրկված հայերն այնտեղ ապաստան գտան, բնակչության թիվը նկատելիորեն աճեց: Վերջին մի քանի տարիների ընթացքում նախկին ապաստանը վերածվեց մի վայրի, որտեղից փախուստի են դիմում: Ինչպես վերջերս բրիտանական «The Independent» թերթում գրել էր Ռոբերտ Ֆիսքը, Սիրիայում պատերազմի սկզբից սպանվել է 65 սիրիահայ ու ավելի քան 100-ին առեւանգել են: Կրոնական մոլեռանդները ոչնչացնում էին նաեւ հայկական եկեղեցիները:
Մոտ 11 հազար հայ տեղափոխվեց Հայաստան: Ժամանածների մոտ կեսը ապրում է սեփական միջոցներով: Ոմանք աշխատանք են գտել կամ իրենց բիզնեսն են սկսել վարել՝ չնայած Հայաստանում գործազրկության բարձր մակարդակին: Մեկ այլ հատված Հայաստան է գալիս առանց որեւէ ռեսուրսի, կացարանի, ուտելիքի եւ հագուստի կարիք ունի: Մի շարք կազմակերպություններ ժամանակավոր կացարաններ են տրամադրում: Կառավարությունը ցանկանում է բազմաբնակարան շենքեր կառուցել՝ նրանց մշտական հիմունքներով կացարանով ապահովելու համար»: