Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու այցը Երևան ոչինչ չտվեց թուրքական կողմին, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Դավութօղլուն դեկտեմբերի 12–ին մասնակցել է Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ–երկրների արտգործնախարարների 29–րդ հանդիպմանը։
«Դավութօղլուն հեռացավ Երևանից` հասկանալով, որ Հայաստանում իր բոլոր հայտարարությունները և մեսիջները չափազանց սթափ են ընդունվել։ Նա չէր կարող չնկատել, որ մեր ԱԳՆ–ն, որը միշտ հանդուրժող է և բաց` բանակցությունների համար, այս անգամ բավական կոշտ դիրք էր բռնել։ Այսպիսով, Դավութօղլուն իր հետ տարավ հայկական կողմի որոշ մեսիջներ»,– երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը։
Ըստ Շաքարյանցի, հայկական կողմի կոշտ դիրքորոշման վրա որոշ աստիճանով ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի բարեկամ երկրներ Իրանն ու Ռուսաստանը։
«Ես չեմ կասկածում, որ ՌԴ–ն և Իրանը Հայաստանին նախազգուշացրել են, որ որոշ հարցերում հայկական կողմը պետք է կոշտություն դրսևորի, մասնավորապես տարածքների միակողմանի զիջումների հարցում, որոնք իրենց հերթին կարող են ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա»,– պարզաբանեց Շաքարյանցը։
Նա ավելացրեց նաև, որ Դավութօղլու այցը հայ–թուրքական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չբերեց։
«Այդ այցը էական փոփոխություններ և արդյունքներ չունեցավ, սակայն այն որոշ չափով եզրափակեց հայ–թուրքական հարաբերությունների մի մեծ էջ»,– ասաց քաղաքագետը` պատասխանելով «Նովոստի–Արմենիայի» հարցին։
Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ թուրքական դիվանագիտության համար անցյալ տարին «կործանարար» էր միանգամից մի քանի ռազմավարական հարցում, մասնավորապես` Հայաստանի հետ հաշտվելու, քրդերի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերում։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Անկարան ղարաբաղյան հարցում սատարում է ադրբեջանական կողմին, ինչպես նաև շատ սուր է արձագանքում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և
«Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացի շարունակմանը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է:
Նովոստի–Արմենիա