Վոլգոգրադում ահաբեկչության արդյունքում վիրավորված հայուհի Սուսաննա Գրիգորյանը սկսել է քայլել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վոլգոգրադում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Շամիրյանը:
Ներկայումս «Կլիմիկա Ակադեմիչեսկոյ» հիվանդանոցում վերականգնողական կուրսեր են անցնում ահաբեկչության արդյունքում տուժած յոթ անձինք, այդ թվում՝ վիրավորված հայուհին: Երկրորդ վիրավորված հայուհին դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիվանդանոցի բժիշկ Յուրի Սիդենկոյի խոսքով՝ տուժածների մոտ առկա է կոնտուզիա ու վնասվածքներ, որոնք բնորոշ են պայթյունի հետեւանքներին: Վերականգնման համար կպահանջվի մեկ ամսից մինչեւ մեկ տարի եւ ավելի:
«Տուժողների թվում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ ռուսներ, օսեթներ, դաղստանցիներ: Մարզային վարչակազմը մտադիր է եւս 39 տուժողների ուղեգրել հիվանդանոց՝ բուժվելու»,-հայտնել է Շամիրյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում Վոլգոգրադում երկու ահաբեկչությունների արդյունքում զոհվե էր ավելի քան 30, վիրավորվել՝ ավելի քան 70 մարդ: Պայթյունի արդյունքում վիրավորվել էին նաեւ երկու հայուհիներ: