Բանակի օրվա առիթով, հունվարի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա են գտնվել այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը:
Հունվարի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին եւ տիկին Վերա Սեդրակյանին, ինչպես նաեւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանին եւ տիկին Անժել Սինանյանին:
Հանդիպման ընթացքում տիար Սեդրակյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀԲԸՄ կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահը նաեւ քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական եւ սոցիալական ծրագրերը, եկեղեցական կյանքին առնչվող զանազան խնդիրներ: Նորին Սրբությունն այս առիթով իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին եւ ՀԲԸՄ անդամներին՝ նրանց եկեղեցանվեր ոգու եւ ՀԲԸՄ կողմից Հայ Եկեղեցուն ու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող մշտական զորակցության, ինչպես նաեւ ազգոգուտ եւ հայրենաշեն նվիրյալ գործունեության համար:
Մասնավոր անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին, ինչպես նաեւ Մայր Աթոռի եւ Հայ Եկեղեցու թեմերի կողմից Սիրիայի հայ համայնքին, Հայաստանում եւ այլ երկրներում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող օգնությանը: Վեհափառ Հայրապետը եւ ՀԲԸՄ նախագահը, իրենց մտահոգությունն արտահայտելով Սիրիայում տիրող ծանր կացության առնչությամբ, կարեւոր նկատեցին աշխարհասփյուռ հայության եւ ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ հակամարտության դժվարությունները կրող հայորդիների:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ ներկայացուցիչներն արծարծեցին նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցեր: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն ընդգծեց կարեւորությունը տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումների, որոնք պիտի նպաստեն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ներկայացրեց Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման ուղղությամբ Հայ Եկեղեցու Սրբադասման հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք քննության պիտի առնվեն տարեվերջին գումարվելիք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում:
Հանդիպման ավարտին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետին, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ իր առաքելությանը եւ եկեղեցասեր ոգուն, պիտի շարունակի ըստ ամենայնի իր աջակցությունը բերել Մայր Աթոռին եւ նրա ազգանվեր ծրագրերին: