1915 թ.–ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, որն արվել է Անկարայում, տեղավորվում է ֆրանսիական քաղաքականության տրամաբանության մեջ, և չարժե դրանից որևէ լուրջ հետևանքներ ակնկալել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 26–ին` Թուրքիա կատարած այցի առաջին օրը, կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը` ընդգծելով, որ «նման իրադարձությունների մասին հիշելը միշտ ցավալի է, սակայն` անհրաժեշտ»։ Նա ավելացրել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրենքը։
«Կարծում եմ, որ դժվար թե այդ հայտարարությունը որևէ հետևանքների հանգեցնի։ Գնահատելով այս հայտարարությունը` հարկավոր է նշել, որ Օլանդը կրկնել է այն, ինչ արդեն 15 տարի Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումն է։ Այնպես որ նա որևէ նոր բան չի ասել։ Այդպես էլ պետք է լիներ», – ասաց Սաֆրաստյանը։
Փորձագետի կարծիքով` Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը չի նշանակում, որ կառավարությունը պատրաստ է սկսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացը։
«Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը միանգամայն այլ հարց է։ Այդ հարցում խաչվում են շատ լուրջ շահեր, Ֆրանսիայի արտաքին քաղաքական շահերը։ Օլանդի հայտարարությունից դեռևս չի կարելի եզրակացություն անել այն մասին, որ կառավարությունը պատրաստ է նախաձեռնել օրենքի ընդունման գործընթացը», – ավելացրեց նա։
Օլանդի այցը դարձել է վերջին 22 տարվա ընթացքում Թուրքիա կատարած Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Նովոստի–Արմենիա