Երկուշաբթի Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Արձակ-2013» պատմվածքների գրական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Այս մրցույթը, որի կազմակերպիչներն են «Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը, անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Այս տարի մրցույթին ներկայացվել է 102 պատմվածք։
Մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրին 26 մասնակցից ընտրել է երեքի, ևս երկու հեղինակներ ստացել են «Անտարես» հրատարակչության հատուկ մրցանակներ։
Մրցույթի հաղթողներ են դարձել Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր ուրվականը», Արփի Ոսկանյանը «Ողջերին թող թաղեն ողջերը» և Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքներով։ Հաղթողները ստացել են 100–հազարական դրամ։
50 հազարական դրամի հատուկ մրցանակներ են ստացել Մերի Մկրտչյանը և Անրի Գրիգորյանը «Շպերունգ» և «Սիեստա» պատմվածների համար։
«Ժյուրին չի նկատել ոչ մի աշխատանք, որ արժանի է առաջին տեղի և որոշել է առաջին մրցանակ չշնորհել ոչ ոքի, այդ պատճառով մրցանակներ են ստացել միանգամից երեք հեղինակ»,– ասաց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Գնահատելով մրցութային աշխատանքների մակարդակը` նա նշեց, որ նախորդ երկու մրցույթի պատմվածքների թվում, ըստ նրա, ավելի ուժեղ գործեր են եղել, քան այս տարի։
Ժյուրիի անդամ գրականագետ Հայկ Համբարձումյանն իր հերթին նշեց, որ մրցույթում ներկայացված աշխատանքներն ընդգրկել են գեղարվեստական տարբեր ձևերով ներկայացված թեմաների լայն շրջանակ։
«Թեմաները շատ բազմազան են` եղել է հայրենասիրական թեմատիկա, սիրո թեմա, սոցիալական, քաղաքական խնդիրներ, մի խոսքով, այն ամենը, ինչ տեսնում ենք մեր իրականությունում այսօր»,– ասաց գրականագետը։
«Արձակ-2013» մրցույթն անցկացվում է մի շարք հայկական ընկերությունների աջակցությամբ, որոնք իրենց հերթին ընտրել են հավանության արժանացած մրցութային աշխատանքներ` դրանց համար հատուկ մրցանակներ սահմանելով։
Մրցույթի մրցանակակիր պատմվածքների հրապարակումը և դրանց թարգմանությունն անգլերեն և ռուսերեն լեզուներով իրականացվում ` Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ։
Նովոստի–Արմենիա