Քալիֆորնիական Գլենդել քաղաքի Մաշտոցի անվան քոլեջի տնօրեն Կարպիս Տեր-Եղիայանն այս տարի իր հետ 30 մարդ կտանի պատմական Արեւմտյան Հայաստան, որն այժմ Թուրքիայի տարածքում է, որպեսզի հայ սերունդներին ծանոթացնի իրենց արմատների հետ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Մի քանի տարի է արդեն նա ուխտագնացություն է կազմակերպում, որի ժամանակ մարդիկ առաջին անգամ տեսնում են իրենց ծնողների, տատիկների ու պապիկենրի տները: «Դա իրականություն դարձած երազանք է: Նրանք մշտապես երազում են տեսնել իրենց ծնողների, տատիկների ու պապիկների քաղաքները, որտեղ են նրանք մեծացել, որտեղ են կրթություն ստացել»,- ասել է նա:Գլենդելի բնակիչ Հովսեփ Ֆիդանյանի համար անցյալ տարվա ճանապարհորդությունը Տեր-Եղիայանի հետ եւ ուսուցողական էր, եւ սրտաճմլիկ: «Այս ուխտագնացությունը երջանկություն պարգեւեց, ինչպես նաեւ վիշտ»,- ասել է նա: Նա տեսել է հին հայկական ճարտարապետությունը եւ հատկապես շատ եկեղեցիների ավերակներ: «Դուք տեսնում եք կոտրված այդ պատուհաներն ու լքված տարածքները, ու այդ ամենը չի կարող չազդել, եթե թեկուզ մի փոքր զգում ես, որ մարդկային էակ ես»,- հավելել է նա:
Քոլեջի տնօրենը Խարբերդում տեսել է իր ընտանիքի տունն ու եկեղեցին, որտեղ իր պապը քահանա էր, նախքան 1915թ.-ին հայոց ցեղասպանության ընթացքում նրան սպանել էին: Տեր-Եղիայանը ծնվել ու մեծացել է Բեյրությում. նրա պապն ընտանիքից միակ ողջ մնացածն էր ցեղասպանությունից հետո: 1912թ.-ին Վիսքոնսին տեղափոխվելուց հետո նա աշխատել է ֆաբրիկայում ու գումարն ուղարկել Խարբերդում բնակվող 40-ից ավել անդամ ունեցող ընտանիքին: Երբ վերադարձել է գյուղ, բոլորն արդեն սպանված էին: