Մասնագիտական օգնություն պետք է ցուցաբերել նորաստեղծ «Կռունկ», Շառավիղ», «Կարոտ» երգչախմբերին, քանի որ նրանց շուրջ համախմբվում է սիրահայությունը: Այս մասին, փետրվարի 12-ին, սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սիրիահայության շրջանում ՀՀ մշակույթի նախարարության կատարած աշխատանքների մասին» զեկուցումով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով սիրիահայերի մշակութային ինտեգրման հարցերին, կարեւորել է մասնագիտական օգնությունը նորաստեղծ «Կռունկ», Շառավիղ», «Կարոտ» երգչախմբերին, քանի որ նրանց շուրջ համախմբվում է սիրահայությունը: Նախարարը նշել է նաեւ տաղանդավոր երիտասարդներին գտնելու եւ օժանդակելու մասին. «Շատ կարեւոր է աշխատանքը երիտասարդության շրջանում: Շնորհալի, տաղանդավոր երիտասարդներին, պատանիներին պետք է օգնել, ինքնադրսեւորման հնարավորություն տալ»:
«Սիրիայում տիրող իրավիճակի եւ հայ համայնքի խնդիրների մասին» զեկուցել է ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
Այնուհետեւ ներկայացվել են «Սիրիահայերի շրջանում բարեգործական կառույցների կողմից իրականացված ծրագրերը»: Զեկուցումներով հանդես են եկել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի նախագահ Լենա Հալաջյանը, Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը եւ «Արմենիան լայթհաուզ» բարեգործական հիմնադրամի անդամ Նաիրա Մուրադյանը:
Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել զեկուցողներին եւ գերատեսչությունների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար եւ նախանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: