Երեւանում հայտնի Փակ շուկան մինչեւ վերակառուցումը համարվում էր պատմական հուշարձան, սակայն դրա «վերանորոգումը» թույլ չտվեց այն ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է էկոլոգ Կարինե Դանիելյանը:
«Շուկան պետք է ընդգրկվեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում: Այժմ ամեն ինչ ավարտվեց»,- արձանագրել է Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով՝ շենքի նախագծում փոփոպություններ մտցնելու համար անհրաժեշտ է կառավարության որոշումը: Այն չկա: Քաղշինարարության նախարարությունը հայտնել է՝ ես կապ չունեմ: Մշակույթի նախարարությունը դեմ է արտահայտվել փոփոխություներին: Քաղաքապետարանը հայտարարել է, որ չի հաստատել նախագիծը, նշել է բնապահպանը:
Նա արձանագրել է, որ շենքի արտաքին տեսքը մեծ դժվարությամբ են պահպանել. «Սակայն ներսում սովորական սուպերմարկետ է»:
Բնապահպանն ընդգծել է խորհրդային պոստմոդեռնիզմի հուշարձանների պահպանության կարեւորությունը: «Վիեննայում ժամանակին կազմակերպվել էր կոնֆերանս այս թեմայի շուրջ: Ներկայացված շինությունների մոտ կեսը Երեւանում կառուցված շենքեր էին»,- նշել է Կարինե Դանիելյանը:
Ինչպես ընդգծել է բնապահպանը, «փողերն ամեն ինչ որոշում են» քաղաքականությունը Հայաստանում տարածվել է կյանքի բոլոր բնագավառների վրա:
Փակ շուկայի այժմյան սեփականատերը օլիգարխ ու պատգամավոր Սամվել Ալեքսայանն է: Փակ շուկայի վերակառուցման հարցը ժամանակի հասարակության մեջ հուզումներ առաջացրեց, երեւանցիները դեմ էին դրան, արդարացիորեն համարում էին, որ ոչ մի լավ բան չի ստացվի:
Քաղաքի իշխանությունները վստահեցնում էին, որ խախտումներ չեն լինելու: Արդյունքում շուկայից մնաց միայն ճակատային մասը: