Կոնգրեսական Ադամ Շիֆը՝ «Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության եւ արդարության ակտ» բանաձեւի համահեղինակը, մարտի 3-ին Կոպիտոլիումի բլրին միջոցառում կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում ԱՄՆ-ի օգնությանը, հայտնում է Asbarez-ը:
Ըստ նրա՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներին օգնելու գործում Ամերիկայի դերը պատմություն է, որն արժանի է հիշվելու: «Շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն այնպիսի աղետալի իրադարձություն է, որ բոլոր ազգերը պետք է իրենց քաղաքացիներին դաստիարակեն դրանով: Ամերիկայի կարեւոր մարդասիրական դերն ընդգծող նման միջոցառումները կարող են օգնել համոզել իմ գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը»,- հայտարարել է Շիֆը:
«Հայոց ցեղասպանության ճանաչման ճշմարտության եւ արդարության մասին» N227 բանաձեւը նախապատրաստել էին 2013թ. մայիսին՝ կոնգրեսականներ Դեւիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը եւ Ֆրենկ Պալոնեն: Բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ հիմնված արդարության վրա, Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելով եւ հետեւանքներն ընդունելով: