Թուրքիայում զավեշտները շարունակվում են. այս անգամ Ստամբուլի դատախազներից Մուրադ Ինամը Դինքի սպանության հետ կապված մի նյութի հրապարակման համար հետաքննություն է սկսել հայկական «Ակոս» թերթի եւ մի շարք թուրքական լրատվամիջոցների դեմ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի դատախազներից Մուրադ Ինամը հետաքննություն է սկսել «Ակոս», Milliyet, Vatan, Star, Aydinlik, Posta, Radikal պարբերականների, «Դողան» լրատվական գործակալության եւ Internethaber.com կայքի դեմ՝ 2013-ի սեպտեմբերի 19-ին հրապարակած մի նյութի հետ կապված։
Հիշյալ հրապարակման մեջ ուղղակի ներկայացվել էր «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագրի սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելի եւ սպանության գործով անցնող ոստիկան Մուհիթին Զենիթի միջեւ հեռախոսազրույցը, որում ոստիկանը, նկատի ունենալով արդեն սպանված Դինքին, ասել էր. «Եթե սատկել է, թող սատկի, չեմ հարցնում, թե ով է նրան սատկացրել»։
Դատախազ Ինամը եզրահանգել է, որ սա հրապարակելով փորձ է արվել ազդել դատավարության ընթացքի վրա եւ նվաստացնել ու թիրախ դարձնել ոստիկանությանը։
Հիշյալ հետաքննության շրջանակներում արդեն հարցաքննության են կանչվել տվյալ լրատվամիջոցների պատասխանատուները։