Մարտի 2-ին, Բուն Բարեկենդանի տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցված Սբ. Պատարագով, որի պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Տոնական օրվան էր նվիրված նաև «Հարիսա-2014» փառատոնը, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և «Հայարտուն» կենտրոնը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս փառատոնը, տարեցտարի ընդարձակվելով վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային ճաշատեսակով: «Հայիսա-2014» փառատոնին մասնակցեցին նաև մեր հայրենակիցները Արցախից և Ջավախքի առաջնորդական փոխանորդությունից: Արցախից փառատոնի մասնակիցների այցին աջակցել էր ԼՂՀ երիտասարդության և սպորտի նախարարությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած տոնահանդեսին իրենց ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական տիկին Սոֆիո Շամանիդին և հոծ հասարակություն:
Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց ավանդական միջոցառման նպատակը՝ ներդաշնակվելով Մեծ Պահքի նախօրեին նշվող Բուն Բարեկենդանի տոնի հետ, պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս կերակրատեսակը, ժողովրդական ավանդույթները և սովորությունները:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց ներկաներին Բուն Բարեկենդանի գեղեցիկ տոնի առիթով, իրազեկեց նաև մեկ այլ տոնի՝ դիվանագետի օրվա մասին, որը նշվում է մարտի 2-ին: Դեսպան Հովհաննես Մանուկյանը բարձրաձայնեց մայր հայրենիքի պարգևներին արժանացած թբիլիսահայ համայնքային գործիչներին: Նա Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանին փոխանցեց ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալը, թեմի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Գաբոյանին հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մայրենիի պաշտպան» մեդալը, իսկ Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանին և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանին՝ Սփյուռքի նախարարության պատվոգրերը
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադարձ կատարելով օրվա խորհրդին՝ Սուրբ Զատիկին նախորդող Մեծ Պահքի 48- օրյա ժամանակաշրջանին,մաղթեց ներկաներին բարեկենդանի շնորհով մարմնապես ամրացած, հոգով և հավատքով հզորացած պատրաստվել դիմավորելու Փրկչի հրաշափառ Հարության տոնը:
Սրբազան հոր կողմից օրհնվեցին սրահի երկայնքով սեղաններին շարված հարիսայով կաթսաները:
Այնուհետև Արցախից ժամանած Մարիամ Փիլավյանը ներկայացրեց Արցախում Բուն Բարեկենդանի տոնի հետ կապված սովորությունները և ավանդույթները:
Ու հնչեց ուրախ երգն ու երաժշտությունը «Հայարտուն» կենտրոնում: Ու սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը: Դահլիճում մեկը մյուսին հետևեցին փորձված և նաև սկսնակ կատարողների և համույթների ելույթները: Մինչև ուշ բուն բարեկենդանի և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր շուրջբոլորը:
armenianchurch.ge