Շվեյցարիա-Հայաստան միավորման պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանն անպատասխանատու է անվանել շվեյցարական Վալե կանտոնի պետական խորհրդի անդամ Օսկար Ֆրեյզինգերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին գրում է շվեյցարական «Le Matin»-ը:
Թուրքական «Aydinlik» թերթին տված հարցազրույցում նա նշել է. «Միգուցե եղել է, միգուցե՝ ոչ: Այս հարցը պետք է բացահայտորեն քննարկվի»: Բացի այդ նա դեմ է հանդես գալիս, որպեսզի Հայոց ցեղասպանության թեման դասավանդվի դպրոցում, քանի որ պատմաբանները համաձայնության չեն եկել: Թվում է, պաշտոնյան փոխել է կարծիքն այս հարցի վերաբերյալ, քանի որ 2003թ.-ին մեկն էր, ով ստորագրեց հայերի ցեղասպանության ճանաչման միջնորդագրի ներքո:
Օսկար Ֆրեյզինգերը հարցազրույց է տվել թուրք ազգայնկան Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման շրջանակներում: Հարցազրույցում շվեյցարացի պաշտոնյան ողջունում է ստրասբուգյան դատարանի որոշումը:
Սարգիս Շահինյանի խոսքով՝ «Aydinlik»-ը Թուրքիայի Աշխատավորական կուսակցության թերթն է: Շվեյցարիա-Հայաստան միավորման պատվավոր նախագահը համարում է, որ այս կերպ Օսկար Ֆրեյզինգերը վտանգում է իր հեղինակությունը: «Այս հարցի կապակցությամբ նա անպատասխանատու վարքագիծ է դրսեւորում ու ստորացնում է Շվեյցարիայի քաղաքականության արժանիքները»,- նշել է Սարգիս Շահինյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցը Շվեյցարիայի դեմ՝ իր վճիռը հիմնավորելով խոսքի ազատությամբ: Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ. Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am