Այս տարի Ուկրաինայի և Հայաստանի երաժշտական հասարակությունը նշում է հայտնի հայ կոմպոզիտոր, կատարող և երաժշտավար Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակը: Ինչպես Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնին հաղորդեց Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Սամվել Ազիզյանը, հոբելյանական տոնակատարություններ անցկացվել են նաև կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ուկրաինայի Կախովկա քաղաքում, որտեղ 1871 թվականին ծնվել է Սպենդիարյանը, որտեղ անցել է նրա մանկությունը: Կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված երաժշտական-լուսավորչական երեկոյի անցկացման նախաձեռնողը Կախովկայի պատմության թանգարանն էր:
Թանգարանի սրահներում, որտեղ պահվում են կոմպոզիտորի անձնական իրերը, հնչել է Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությունը՝ պրոֆեսիոնալ երաժիշտների և երաժշտական դպրոցի սաների կատարմամբ:
Երեկոյին ներկա էին հայ հասարակության ներկայացուցիչներ՝ Խերսոն քաղաքի «Ուրարտու» հայ համայնքի նախագահ Արկադի Համբարյանի գլխավորությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պատմության թանգարանի տնօրեն Սվետլանա Սիդելկինային, երաժշտական դպրոցի ղեկավարությանը և բոլոր հյուրերին՝ հայ կոմպոզիտորին և նրա ստեղծագործությանը հարգանքի տուրք տալու համար:
Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կապված է Ուկրաինայի շատ քաղաքների հետ: 2011 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին այդ քաղաքներում տեղի կունենան հոբելյանական մշակութային միջոցառումներ՝ կազմակերպված Ուկրաինայի մշակույթի նախարարության և Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ: