Ֆրանսիական օրինագծին Սահմանադրական խորհուրդ հղումին եւ վիճարկումի որոշումին առիթով մի քանի հարցի պատասխան պետք է հստականա.
ա.- Ին՞չ հիմնավորումներով ժխտումի քրեականացումի աշխատանքների առաջին հանգրվանին, Ֆրանսիայի նախագահի միջամտությամբ օրինագծին ծերակույտի կողմից քննարկումը, ավելի ճիշդը օրակարգի կետի վերածվելը արգելակվեցավ:
բ.- Ին՞չ են ճիշդ այն պատճառները, որոնք օրինագծի քննարկման ընթացակարգի մեկնարկը ճշդեցին նախագահ Սարքոզիի պաշտոնավարության ավարտի նախօրյակին:
գ.- Նախագահ Սարքոզիի հակազդեցությունը, թե հայկական օրինագծի հակասահմանադրական հռչակման դեպքում հակասահմանադրական պետք է նկատել նաեւ հրեաներին վերաբերող օրենքը, իրավական ի՞նչ հիմունքներ ունի: Այլ խոսքով` տրամաբանական հետեւությունը հստակ է, սակայն իրավական գործընթացը պարզ չէ:
դ.- Նախագահ Սարքոզին կարո՞ղ էր չսպասել անհրաժեշտ թիվի գոյացման` օրինագիծը Սահմանադրական խորհուրդ հղելու համար:
Ճիշդ է, որ նախագահ Սարքոզիի երեւանյան հայտարարությունները աննախադեպ էին իրենց ուժգնությամբ եւ տարողությամբ. ճիշդ է նաեւ, որ Ֆրանսիայում արձանագրված գործընթացները այս ուղղությամբ համոզում էին, որ նախագահ Սարքոզին տեր է իր հրապարակային հանձնառության, այսուհանդերձ այս բոլոր գործընթացներից հետո օրինագծին հակասահմանադրական հայտարարվելը ավելիով խորացնում է հարցումներին ետին կանգնող շարժիչ գործոնները բացահայտելու տրամաբանությունը: Թեեւ պետք է արձանագրել, որ նախագահ Սարքոզիի հայտարարությունը, որ օրինագծի մերժումի դեպքում ինք անմիջապես նոր օրինագիծ կներկայացնե Ազգային ժողովին, կարող է նախանշել հրապարակային հանձնառության տեր մնալու եւ կամ նախագահի հեղինակությունը ամուր պահելու նախանձախնդրության գործնականացումը:
Մարդկային իրավունքներ, ժխտումները մերժելու սկզբունքներ, արժեքային համակարգի հետ կապված խնդիրներ իրավական ազդեցություն չունեն այս հանգրվանին: Սահմանադրական խորհրդի իրավասությունն է համապատասխան եզրակացության հանգելը: Իսկ պաշտոնավարություն ավարտող նախագահին բանեցնելի կշիռն ու հեղինակությունը անպայման չեն կանխորոշում արդյունքը:
Այստեղ անշուշտ եթե մի կողմից քաղաքական եւ իրավական հաստատությունների սահմանազատված եւ անկախ լինելու փաստն է, որ ընդգծվում է, մյուս կողմից սակայն Պուայեի օրինագծին ոչ սահմանադրական լինելը ինչպե՞ս կարող է համաձայնեցվել արդեն գործող եւ հրեական ողջակիզումի ժխտումը պատժելի դարձնող Կեսոյի օրենքին:
Տակավի՛ն. Պուայեի օրինագիծը չի խոսում ուղղակի Հայոց ցեղասպանության մասին: կխոսի Ֆրանսայի ճանչցած ցեղասպանությունների մասին: Ուրեմն նման օրինագիծ մը հակասահմանադրական նկատելը բնականաբար կվերաբերի նաեւ հրեական ողջակիզումին, որի մասին արդեն օրենքը գործում է երկար ատենե ի վեր:
Շարունակենք տրամաբանությունը: Նման ժխտական մոտեցում որդեգրելու դեպքում Սահմանադրական խորհուրդը փաստում է, որ ինք շարժվում է ոչ թե իրավական եւ սահմանադրական դիտանկյուններից, այլ բացառապես քաղաքական: Սահմանադրագետ պետք չկա լինելու` եզրակացնելու համար, որ նման հավանականության մը դեպքում Ֆրանսիան ի՛նք կարիքը պիտի ունենա իր պետաիրավական կառույցներին միջեւ աչքառու հակասությունները կարգավորելու բարդ աշխատանքի մը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վիճարկումներից եւ հանգելիք եզրակացությունից բացի, պետք է արձանագրել, որ վիթխարի քարոզչական գոտիներ ձեւավորվել են ոչ միայն Հայոց ցեղասպանության իրողության ընդգծումին տեսանկյունից, այլ մանավանդ Եւրոպայում Թուրքիայի դիմագիծը շեշտելու առումով: Թրքական հակազդեցությունները ոչ միայն ամբոխային մակարդակի վրա, այլ նաեւ պետական առումով խուժանավարի կարող են բնուոթագրվել:
Մինչեւ վերոյիշյալ հարցերի պատասխանները ունենալը, Ֆրանսիան ի՛նք պետք է իր առջեւ ցցված փորձաքարին զարնվելու առիթով հաջողի ճիշդ ելքը գտնել: Ելք, որ կպահպանե թե՛ Ազգային ժողովին, թե՛ ծերակույտին, թե՛ նախագահին եւ թե՛ Սահմանադրական խորհրդին հեղինակությունն ու վարկը: Այդ ելքը մեկ ճանապարհ ունի. սահմանադրական նկատել Պուայեի օրինագիծը:
Շահան Գանտահարեան, «Ազդակ»ի գլխավոր խմբագիր