Արաբական երկրներում արձանագրվող զարգացումների մասին հայկական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես տարածաշրջանային նմանօրինակ իրադարձությունների դեպքում, շարունակում են առնվազն ոչ ինքնուրույն լրատություն հրապարակել: Ավելի մանրամասնելու համար ասենք, որ միջազգային լրահոսի տրամադրածը ամբողջությամբ վերատպելով, խորքում այդ լրատվամիջոցները կամա-ակամա տվյալ պետության փոխանցելիք պատգամները հայկական լսարանի հասանելիությունն են ապահովում:
Այս հաստատումը, անշուշտ, չի վերաբերում միայն հայկական զանգվածային լրատվամիջոցներին: Միջազգային լրատվամիջոցների արտադրությունը գրավել են համապատասխան շուկան եւ մշտապես կողմնորոշում են հանրային կարծիքը: Արհեստավարժ, լարված իրադարձության տարողությունը կարող է հազարներով բազմապատկվել կամ նույն չափերով շատ արագ մանրանալ կամ նույնիսկ ամբողջությամբ անուշադրության մատնվել:
Քաղաքականացված լրատվության պարզ տեսություն է սա, որը, թվում է, թե ներկա տեղեկատվական բաց համակարգում պիտի փոխի իր ուղղությունը եւ հաշվի առնի առարկայական տեղեկատվության պահանջը:
Իրադարձությունների տարողության բազմապատկումն ու մանրացումը միայն քաղաքական ուղղվածությամբ դեպքերի լուսաբանմանը չեն միտված բնականաբար, այլ նախապատրաստում են հանրային կարծիքի ենթահողը` տվյալ պետության ձեռնարկելիք քայլերը ընկալելի դարձնելու առումով:
Եթե անհրաժեշտ է միջազգային միջամտությունը որոշող մի բանաձեւ, ուրեմն պետք է սփռել տիրող իրավիճակի ահավորությունը, հակամարդկայնությունը, աղետալի հավանական հետեւանքները: Այդպես էր, երբ Իրաքի պատերազմի նախօրեին, անվերջ լուսաբանվում էր քիմիական, կենսաբանական եւ զանգվածային ոչնչացման զենքերը ռազմական միջամտությամբ չեզոքացնելու կոչված գործողությունների անհետաձգելիության մասին:
Մյուս կողմը, տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու իր հեւքի մեջ, իհարկե, ոչ նույն արհեստավարժությամբ, ցուցադրում, սփռում կամ արծարծում է, այս անգամ միայն ի´ր պետության քաղաքականությանը հարիր նկատածը: Արդյունքը լինում է այն, որ տեղեկատվության դաշտում ստեղծված բեւեռացումը, բնականաբար, չի ներկայացնում իրական պատկերը:
Անշուշտ, տեղեկատվական սեւ-սպիտակի այս խաղը միայն տագնապալի իրավիճակներին չի վերաբերում: Այն ընդհանուր է, եւ ներկա բաց համակարգին փոխանակ փորձելու իրական բնութագրումներ տալ, երկու կողմն էլ մեծ մասամբ բեւեռացածի արձագանգումներն են կատարում:
Խնդիրը բարդ է եւ այս սյունակներում անհնար է նույնիսկ ամփոփել նրա բնութագրիչները: Վերադառնանք հայկական տարածք: Անկախ ծայրահեղացված տեղեկատվությունները մաքրազտելու լրագրական պարտականությունից, հայկական լրատվամիջոցները ուղղակի խնդիր ունեն ազգային ոսպնյակից նաեւ մեկնաբանելու հարցերը: Բնականաբար, թե՛ Սիրիայի եւ թե՛ միջինարեւելյան երկրներին վերաբերող իրադարձությունները լուսաբանելու պահին անմիջականորեն միջազգային լրահոսի ազդեցության տակ ենք լինում, երբ խոսում ենք հայ գաղութներում ստեղծված խուճապի մասին, այդ երկրների հայաթափման եւ զանգվածային արտագաղթի մասին:
Կամ էլ, երբ մի լրատվամիջոց, երբ իբրեւ զգույշ եւ լոյալ կեցվածքով է մեկնաբանում մի հաստատում, թե «սիրիահայ գաղութի դեպքում այս պահի դրությամբ որեւէ զանգվածային արտահոսք չի նկատվում», նախանշում է, որ ինքը արդեն հայտնվել է միջազգային տեղեկատվության անմիջական ազդեցության տակ:
Իհարկե, բացառված չէ, որ իրադարձությունների անվտանգության առումով լարվածության եւ քաղաքացիական ընդհարումների պարագայում նման մտահոգիչ իրավիճակներ ստեղծվեն ինչպես տեղի ժողովուրդների, նաեւ մեզ համար: Այս հանգրվանում, սակայն, խուճապային կացության մասին բարձրաձայնելը ինքնին նպաստում է խուճապային իրավիճակի նախադրյալներ ստեղծելու աշխատանքում:
Առարկայական լրատվություն հրապարակելը դժվար իրականանալի աշխատանք է թվում մանավանդ տեղեկատվական հարթիչ գլանների ներկա համակարգում: Գերզգոնությունը ավելի քան հրամայական է այս պարագայում՝ լրատվությունը մաքրազտելու եւ, մանավանդ, նրա մեկնաբանությունը ազգային ոսպնյակից անցկացնելու համար:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ, "Ազդակ"ի գլխավոր խմբագիր