Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ամենամեծ դահլիճը կրում է հայ նավթարդյունաբերող, հայտնի գործարար, մարդասեր-բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի անունը: Համանուն այդ սրահում հունիսի 30-ին կայացավ Գալուստ Գյուլբենկյանի հուշ-երեկոն, որ նախաձեռնել էին Վրաստանի հայ մտավորականների միությունը եւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:
Բացելով երեկոն, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը հանգամանալից ներկայացրեց Գալուստ Գյուլբենկյան բարերարի եւ նավթարդյունաբերողի կյանքի ուղին, ոգեկոչելով բարերարի ազգապահպան նպատակամղումները:
Գալուստ Գյուլբենկյան մեկենասի բարեգործության թագը այն հիմնադրամի գործունեությունն է, որը ստեղծվել է 1956 թ-ին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստի (1869–1955 թթ.) կտակի համաձայն: Հիմնարկության նպատակը գիտության, կրթության, առողջապահության եւ արվեստի զարգացմանն աջակցելն է:
Թերեւս կտակում նշված էր միայն Սբ.Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար գումար հատկացնելու մասին: Սակայն կտակարար մարմնի անդամ Գևորգ Եսայանի՝ Գալուստ Գյուլբենկյանի դստեր ամուսնու ջանքերով հետագայում հիմնարկությունում բացվել է նոր՝ Հայկական համայնքների բաժանմունքը, որի տարեկան բյուջեն շուրջ 4 մլն դոլար է եւ այն կանոնավորապես բաշխվում է Սփյուռքի և Հայաստանի գիտական, առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպություններին:
Գալուստ Գյուլբենկյան գործարարի, գիտության ու մշակույթի դերը գնահատողի կյանքից հետաքրքիր դրվագներ հիշատակեց Հայ մտավորականների միության Թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադեւոսյանը:
Միջոցառման ավարտին գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խոսելով հայ մեծահարուստների ազգանվեր գործունեության մասին, կարեւորեց Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության ներդրումը հայ ազգի կրթության եւ մշակույթի զարգացման գործում: Սրբազան Հայրը երախտագիտությամբ նշեց, որ հիմնարկության հայկական բաժանմունքի երկար տարիների տնօրեն իսկական հայորդի դոկտոր Զավեն Եկավյանի եւ ներկայիս ղեկավար Աստղիկ Թոքմաջյանի հայապահպան առաքելությամբ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը աջակցում է նաեւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեությանը:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ Գալուստ Գյուլբենկյանին եւ նրա անունով հիմնադրամի գործունեությանը նվիրված տեսաֆիլմից: Երեկոն համեմված էր երգչուհի Աննա Պողոսովայի եւ դաշնակահարներ Մարիկա Սուբիաշվիլիի, Կարեն Միրոզյանի գեղեցիկ կատարումներով: