Ստրասբուրգում և Էլզասի շրջաններում այսօր ապում է մոտ 8000 հայ, ովքեր արտագաղթել են հատկապես 90-ականներից հետո: Մինչ այդ Ստրասբուրգում ապրում էին քիչ թվով հայկական ընտանիքներ: Հայերն այստեղ հիմնականում զբաղվում են շինարարությամբ և առևտրով:
2010 թվականից Ֆրանսիայի Հայոց թեմի կողմից Հայ առաքելական եկեղեցու ծուխ հիմնելու նպատակով Ստրասբուրգում հոգևոր հովիվ է նշանակվել Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը: Համախմբելով մի խումբ հայերի, Տեր-Վաչեն հիմնել է Ստրասբուրգի հայկական եկեղեցին:
Թերևս Աստծո նախախնամությամբ Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը հանդիպել է Ստրասբուրգի Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Ալեն Մոստերի հետ, ով ընդգծված ականածանք է տածում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Հարկ է նշել, որ Հայր Ալենը մի խումբ հավատացյալների հետ ուխտագնացությամբ երկու անգամ եղել է Հայաստանում:
Հայր Ալենը Տեր-Վաչե քահանա Հայրապետյանըին անվարձահատույց կերպով տրամադրել է Սուրբ Մադլեն եկեղեցուն հարակից մատուռը, որը ամբողջությամբ գտնավում է հայկական ծխի տիրապետության ներքո:
Առաջին Սուրբ պատարագը Ստրասբուրգում մատուցվել է 2010 թվականի հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան տոնի օրը, որին մասնակցել են շուրջ 300 հայեր, խանդավառված այն մտքից, որ այլևս գործող ծուխ ունեն:
Այդ օրը դարձել է Ստրասբուրգի հայկական եկեղեցու հիմնադրման օրը, որին իր հայրապետական օրհնանքն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այսօր Ստրասբուրգի հայկական եկեղեցին այլևս կանոնավոր գործող եկեղեցի է, ուր տոնվում են տաղավար տոնները, կատարվում է պսակ, մկրտություն և այլ ծիսական խորհուրդներ:
2012 թվականից եկեղեցուն կից գործում է Ստրասբուրգի «Հայորդյաց տուն» մշակութային կենտրոնը: Այն ներառում է նաև կիրակնօրյա դպրոցը, որտեղ դասավանդվում է մայրենի լեզու, իսկ սեպտեմբեր ամսից կավանդվի նաև հայ ժողովրդի պատմություն:
«Հայորդյաց տան» շրջանակներում գործում է նաև պարի խումբը, առաջիկայում նախատեսվում է ստեղծել նկարչության և քանդակի խմբակները:
Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը նաև Ստրասբուրգի հարակից շրջանների հոգևոր հովիվն է, այդ թվում նաև Նանսի եվ Մեցի շրջանների, որտեղ Տեր հայրը պարբերաբար պատարագ է մատուցում: Հարկ է նշել, որ Տեր-Վաչե քահանա Հայրապետյանը նաև Ստրասբուրգի քրիստոնեկան եկեղեցինների Էկումենիկ խորհրդի անդամ է:
Այսօր Ստրասբուրգի հայ համայնքն ունի իր հոգեվայրն ու աղոթատեղին և գործող կառույցների հետ առաջիկայում ձեռնամուխ է լինելու թեմական նոր ծխի ձևավորմանը: Մասնավորապես, թեմի առաջնորդի և հոգևոր հովիվի համաձայնությամբ նախատեսվում է Մեցի հայկական նոր ծխի ստեղծումը:
Էլինար Նավոյան
Ստրասբուրգի «Հայորդյաց տուն» մշակութային կենտրոնի համակարգող,
Ստրասբուրգի համալսարանի ուսանողուհի