Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2012» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արա Գևորգյանը, ՀՀ վաստակավոր դերասան Հարություն Մովսիսյանը, ամերիկահայ երգահան, դիրիժոր Հենրիկ Անասյանը:
Արիտունցիները հյուրերին ու ներկաներին ողջունեցին իրենց գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով, որ հասցրել էին սովորել ճամբարային օրերի ընթացքում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց արիտունցիներին՝ ուրախությամբ փաստելով այն, որ նրանք լսել են ՀՀ սփյուռքի նախարարության կանչը և տուն են եկել: Նախարարը ոգևորությամբ նշեց, որ մասնակիցներն այդ օրերի ընթացքում կարողացել են ճանաչել Հայրենիքը, զգալ նրա սերն ու հոգատարությունը, և համոզմունք հայտնեց, որ երեխաները բնակության երկիր տանելու են միայն վառ ու ջերմ հիշողություններ:
Արիտունցիներին ողջունեցին նաև Արա Գևորգյանն ու Հարություն Մովսիսյանը և պատգամեցին սիրել, հարգել Հայրենիքը:
Միջոցառման վերջում հնչեց Արա Գևորգյանի «Ես եմ, դու ես» երգը, որը երգահանը սիրով նվիրեց արիտուցիներին:
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցեց շուրջ 160 պատանի և աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից, Սիրիայից: